Արվեստ և նորաձևություն. պարզ ոգեշնչում լակոնիկ գլուխգործոցից

Արվեստի և նորաձևության փոխառնչությունների մասին մեկ անգամ չի որ խոսվել է: Եվ իսկապես «պայթյունավտանգ» է, երբ երկու հանճար կարողանում են ոգեշնչել միմյանց ստեղծելու մի նոր գլուխգործոց: Հայտնի դիզայներները հաճախ են ոգեշնչում փնտրում արվեստում: Ահա այդպիսի ոգեշնչում Իվ Սեն Լորանը (1936-2008) գտավ Պիտ Մոնդրիանի (1895-1946) արվեստում: Վերջինս հոլանդացի աբստրակցիոնիստ նկարիչ է, նեոպլաստիցիզմի ստեղծող և տեսաբան, «De Stijl» խմբի հիմնադիրներից:

Մոնդրիանն այն  նկարիչն է, որ պետք է զարգացներ աբստրակցիայի օբյեկտիվ կոնցեպցիան մինչև իր տրամաբանական ավարտը: Նա սկսել է նկարել վաղ տարիքից և ուներ սովորական ակադեմիական պատրաստվածություն: Կարճ ժաանակում նա ակադեմիական ռեալիզմից անցավ իմպրեսիոնիզմին, իսկ այնուհետ՝ ֆովիզմին, 1910-1911թթ.-ն էլ տարվեց կուբիզմով:  Շուտով՝ կյանքի մատուցած անակնկալների շնորհիվ Մոնդրիանը ծանոթացավ այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք էին Թեո վան Դուսբուրգը, Բարտ վան դեր Լոքը, ազդեցություններ կրեց Պիկասոյից և Բրաքից, տարվեց հոլանդացի փիլիսոփա Սխումնեքերսից և պլաստիկ մաթեմատիկայի մասին նրա ուսմունքներից: Արդեն 20-ականներին Մոնդրիանը հասավ նրան, ինչին ձգտել էր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում՝ մաքուր աբստրակցիա, մաքուր գույն և ձև: Նա ասում էր. «չկա ավելի հստակ բան քան գույնը, գիծը և մակերեսը»: Ահա այդ փնտրտուքների արգասիքն է 1921թ. ստեղծված նրա գլուխգործոցը՝ «Կոմպոզիցիա կարմիրով, դեղինով և կապույտով»-ը:

Պիտ Մոնդրիան․ «Կոմպոզիցիա կարմիրով, դեղինով և կապույտով»
Պիտ Մոնդրիան․ «Կոմպոզիցիա կարմիրով, դեղինով և կապույտով»

Հենց այն հետագայում պիտի ոգեշնչեր նորաձևության հանճարներից մեկին՝ Իվ Սեն Լորանին, մի դիզայների, որ հայտնի էր կարծրատիպեր կոտրելու իր համարձակ ձգտումներով: Հենց նա կնոջ զգեստապահարան ներմուծեց այնպիսի հագուստ, որ մինչ այդ հարիր էր համարվում միայն տղամարդկանց: Հենց նա է համարվում յունիսեքս ոճի հիմնադիրը և առաջին դիզայներն ում ցուցադրություններին հայտնվեցին աֆրոամերիկուհի մոդելներ: Իվ Սեն Լորանն իր հարցազրույցներում հաճախ է նշել, որ իր ոգեշնչման աղբյուրը միշտ եղել է արվեստը:

Մի առիթով նա ասել է. «Մոնդրիանը մաքրություն է, որին այլևս ոչ ոք գեղանկարչության մեջ չի կարողանա հասնել. Այդ մաքրությունն ընդհանուր արմատներ ունի Բաուհաուսի հետ: Մոնդրիանի աշխատանքները 20-րդ դարի գլուխգործոցներ են»:  Ահա այսպես է արտահայտվել Իվ Սեն Լորանը մինչ կստեղծեր 1965թ.-ի իր աշուն-ձմեռ հավաքածուն՝ ոգեշնչված հենց Մոնդրիանից և անվանակոչված հենց նրա անունով:

Իվ Սեն Լորան․ Զգեստ ոգեշնչված Մոնդրիանի արվեստով
Իվ Սեն Լորան․ Զգեստ ոգեշնչված Մոնդրիանի արվեստով

Այս զգեստներն իրական հեղափոխություն էին նորաձևության աշխարհում: Դրանք միաժամանակ թե արվեստի ստեղծագործություն էին և թե հարմարավետ զգեստներ, որ հնարավոր էր կրել ամեն օր: Այս հավաքածուում Իվ Սեն Լորանն առաջարկեց զգեստ-կտավ կոնցեպտը, որ ենթադրում էր ողջ զգեստի մակերեսը պատել մի ստեղծագործության պատկերով: Հետաքրքրական է, որ Իվ Սեն Լորանի դերձակներին հանձնարարվել էր կարել A-սիլուետ ունեցող վեց զգեստ՝ haute couture, քանի որ prêt-à-porter у YSL-ը պատրաստ էր լինելու միայն մեկ տարի անց:

Տեխնիկապես զգեստներն իրականացվել են բարձր վարպետությամբ, չնայած, որ ելնելով Մոնդրիանի ստեղծագործության առանձնահատկությունից՝ զգեստները հավաքվել են խճանկարի նման՝ միմյանց կարված գունավոր գործվածքներից: Կարկատանները անհնար է գուշակել, եթե չլինեն գործվածքի տարբեր ուղղությունները: Ձևվածքում ևս գրեթե անհնարին լուծումներ կան, որ մինչ այժմ զարմացնում են դիզայներներին: Օրինակ ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ զգեստի վերին ծայրերը գրեթե չեն դիպչում մոդելի ուսերին և այդպիսով ստեղծվում է տպավորություն, որ մոդելի հագին հենց կտավ է և ոչ թե զգեստ: Այսպես՝ առաջին հայացքից պարզ ձև ունեցող զգեստն իրականում բավական դժվար է եղել կարել: Հետագայում Իվ Սեն Լորանը խոստովանել է, որ այս հավաքածուի ստեղծումն իրեն ոգեշնչել է իր հետագա աշխատանքներում, ահա թե ինչու հետագայում նա ստեղծեց պարզ, լակոնիկ զգեստների տարատեսակներ, որոնք դարձան իր այցեքարտը: Այս հավաքածուն բավական հայտնի դարձավ իր ստեղծման պահից ի վեր: 1965թ.-ին այն հայտնվեց Vogue-ի շապիկին, որից հետո այն նույնիսկ անցավ մասսայական արտադրության և դարձավ ավելի մատչելի բոլորի համար:

Vogue ամսագրի շապիկ
Vogue ամսագրի շապիկ

Այժմ՝ 1965թ.-ին ստեղծված «Մոնդրիան» հավաքածուի զգեստների բնօրինակները պահվում են մի քանի թանգարաններում. Ամստերդամի Ռեյքսմուզեումում, Լոնդոնի Ալբերտ և Վիկտորիա թանգարանում և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Մեկ այլ զգեստ էլ 2014թ-ի աճուրդներից մեկում վաճառվեց 7000€ արժեքով:

Mondriaan