Մեր կենսակերպը, նախասիրությունները, սովորություններն ու ճաշակը ուղիղ կերպով արտահայտվում են հագուստի մեջ և շատ բան ասում մեր մասին: Հետևաբար՝ ճիշտ իմիջը մեր այցեքարտն է, իսկ ճիշտ իմիջի հիմքը՝ գրագետ համադրված կերպարը: Բոլորս ձգտում ենք ունենալ կերպար, որը կլինի գրագետ, նորաոճ և չի հակասի մեր նախասիրություններին ու ճաշակին: Հաճախ կարիք է լինում դուրս գալ մեր կոմֆորտի շրջանակից ու փոքր-ինչ համարձակ գտնվել` համադրելով մեր աչքին անսովոր կերպարներ: Երբեմն էլ հարկ է լինում համադրել ոչ միայն հագուստ կամ տարբեր ոճեր այլև կոնկրետ գույներ:
Հարկ է նշել, որ գունային փոխակերպումներում իրենց մեծ դերակատարումն ունեն աքսեսուարները: Դրանք ստեղծում են կերպարի հիմնական տրամադրությունն ու անսպասելի թե ոճային և թե գունային շեշտադրումներ կատարում՝ այն դարձնելով առավել ամբողջական և մատնանշում կրողի ճաշակը: Կերպարի համադրումը շատ մոտ է այն ստեղծագործական պրոցեսին, երբ նկարիչը ստեղծում է իր կտավը համադրելով ներկապնակը: Յուրաքանչյուր կերպար ստեղծելիս, պատկերացրեք, որ կտավի մակերեսը պետք է ծածկել այնպիսի գունապնակով, որը կլինի միևնույն ժամանակ հավասարակշռված և համատեղելի: Այս ամենով հանդերձ ինչպես և արվեստում կարևոր են համարձակ համադրություններն ու կոնտրաստները: Գրագետ կատարված գունային կոնտրաստը կարող է շահեկանորեն ընդգծել ճաշակը: Գունային համադրությունների առումով ամենահետաքրքրական աքսեսուարը շարֆն է: Այն կարող է յուրաքանչյուր կերպար դարձնել շքեղ, եթերային, երբեմն նույնիսկ առավել համարձակ՝ շնորհիվ հենց կատարված գունային աքցենտների: Շարֆի դեպքում ընտրությունն ավելի լայն է: Այն կարող է ընդգծել կերպարում արդեն առկա որևէ գույն, կամ ընդհակառակը՝ հավելել կերպարը նոր գույներով, ընդ որում թե ներդաշնակվել եղած դոմինանտ գույնի հետ և թե շահեկան կերպով հակադրվել դրան: Եվ այսպես՝ եկեք սովորենք ճիշտ համադրել գույները:
[layerslider id=”gallery color combination 1″]
Իրականում գույնն ունի ոչ միայն արտաքին նշանակություն, այլև հոգեբանական ազդեցություն: Ահա թե ինչու կարևոր է ընտրել ճիշտ գունային համադրություններ: Գույնի ներկապնակը շատ բազմազան է. վառ, հագեցած գույներ, պաստելային գույներ, տաք և սառը գույներ: Կա երեք հիմնական գույն՝ կամիր, կապույտ և դեղին: Մնացած բոլոր գույներն առաջանում են այդ երեքի ճիշտ միախառնումից, ինչպես օրինակ՝ կապույտի և դեղինի միախառնումից ստացվում է կանաչ, կարմիրի և դեղինի միախառնումից՝ նարնջագույն, կապույտի և կարմիրի միախառնումից՝ մանուշակագույն և այլն:
Կան նաև երանգների զուգորդման միատոն և բազմատոն տարբերակներ: Մի դեպքում հիմնական տոն են համարվում սևը, մոխրագույնն ու սպիտակը: Այս գույները հիանալի կերպով լրացնում են թե՛ միմյանց և թե՛ ցանկացած այլ գույն: Հետևաբար՝ այս կերպ հագնվելու դեպքում բավական է միայն կերպարը լրացնել որևէ այլ՝ վառ գույն պարունակող աքսեսուարով: Այս դեպքում սխալվելու հավանականություն գրեթե չկա, քանի որ առավել բարդ է համադրել բազմատոն կերպարներ: Մեկ այլ տարբերակ էլ միևնույն գույնի տարբեր երագների համադրությունն է: Օրինակ՝ կարելի է փորձել համադրել միայն Ձեզ ամենաշատը համապատասխանող գույնի մի քանի տարբեր երանգ: Սա ևս բավական հեշտ է իրականցնել և այն բավական էլեգանտ տեսք է հաղորդում կերպարին: Այս դեպքում միատոնությունից խուսափելու համար կարելի է ավելացնել չեզոք գույներ (սև, մոխրագույն, սպիտակ), կամ կերպարը հետաքրքրացնել կտորի ֆակտուրայով:
Առավել բարդ են կոնտրաստներ պարունակող համադրությունները: Կարմիրի և կանաչի, դեղինի և մանուշակագույնի, կապույտի և նարնջագույնի համադրույթունները համարվում են ամենակոնտրաստայինը: Այսպիսի գունային լուծումը առավել համարձակների համար է, քանի որ այն դժվար է չնկատել:
Եթե կարծում եք, որ ամենաբարդը երկու կոնտրաստային գույն համադրելն է, ապա շտապեմ հիասթափեցնել: Գոյություն ունեն նաև երեք գույնի համադրությամբ ստեղծվող կերպարներ, որոնց հիմքում գունային սպեկտորում միմյանցից միևնույն չափ հեռավորություն ունեցող գույներն են:
Այս պարագայում գույները կրկին կոնտրաստային են, սակայն գտնվում են լիարժեք ներդաշնակության մեջ: Առավել հաջող համադրված կերպարը պարունակում է 3-4 գույն, ոչ ավելի: Միատոն հագուստը շատ ձանձրալի է իսկ չափից շատ գույն պարունակող հագուստը կարող է անհանգստության և անհարմարության զգացողություն առաջացնել: Ընդ որում, յուրաքանչյուր գույն իր հստակ նշանակությունն ունի: Գույներից առաջինը պետք է լինի դոմինանտ, երկրորդը՝ ընդգծում և փոքր ինչ թուլացնում է դոմինանտին, երրորդը շեշտադրում է իմիջի առանձին դետալներ:
Գույների աշխարհը բազմազան է, գեղեցիկ, այն նորաձևության հիմքերից է: Սեփական կերպարն ամբողջացնելու համար մի´ վախեցեք համարձակ գունային էքսպերիմենտներից: