Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում կան աքսեսուարներ, որոնք օգնում են ամբողջացնել տեսքը, ստեղծել իր սեփական անկրկնելի ոճը: Բավական է ասել՝ միշտ նորաձև, հարմարավետ, եթերային, գեղեցիկ, նուրբ և մտքին եկած առաջին աքսեսուարը շարֆն է: Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես գործվածքի մի կտորը կարող է վերածվել այդչափ բազմազան ու նորաձև աքսեսուարի: Ըստ շատ ու շատ դիզայներների այսօր անհնար է ստեղծել ամբողջական նորաձև կերպար առանց շարֆի:
Հին ժամանակներից ի վեր կնոջ շարֆ կրելը պայմանավորված էր հասարակական ավանդույթներով: Շարֆի փոփոխության մեջ արտացոլվել են կնոջ դերակատարության փոփոխման տարբեր ասպեկտներ: Ոչ միայն շարֆի գույնը, այլև այն կրելու ձևը մատնանշել է կնոջ սոցիալական դիրքը, տարիքը, կարգավիճակը և այլն: Եվ միայն 20-րդ դարում շարֆը կնոջ ուսերին իջավ իբրև եվրոպական հագուստն ամբողջացնող նորաձև աքսեսուար՝ շնորհիվ Փարիզի պճնուհիների: Այդ ժամանակաշրջանից ի վեր շարֆը կնոջ զգեստապահարանի անբաժան մասն է:
Արդեն մեր օրերում շարֆն ամբողջացնում է ամենանորաձև ու անսպասելի ոճերը՝ դասականից մինչև ամենօրյա կերպարներ: Շարֆն արդեն զարդարում է ոչ միայն ուսերն ու վիզը․ այն նորաձև գլխաշոր է, որ զարդարում է նաև կոնքերը, հաճախ էլ հանդիպում է պայուսակից կախված: Ազնվական մետաքսյա շարֆերն այսօր իսկապես համարվում են բավական թանկ և արժեքավոր աքսեսուար, որ ոչ մի կերպ չեն զիջում զարդերին կամ պայուսակին: Ինչպես և իր գործածությունը՝ շարֆը բազմակողմանի աքսեսուար է, ունի մի քանի տեսակներ ու դրսևորումներ՝ ելնելով տարբեր մշակութային առանձնահատկություններից: Եվ այն, ինչ մենք ընդհանրական անվանում ենք «շարֆ» իրականում ունի շատ տարբեր անվանումներ:
Դասական շարֆը՝ շղարշը, ուղղանկյունաձև, քառակուսի կամ եռանկյունաձև տեսք ունեցող տեքստիլի մի կտոր է, որ իր բազմաֆունկցիոնալության շնորհիվ ամենատարածվածն է նորաձևության և շարֆերի արտադրության մեջ: Այն զարդարում է գլուխը, վիզը, ուսերը, երբեմն օգտագործվում է գոտու կամ թևնոցի փոխարեն: Անշուշտ այս տեսակ շարֆի լավագույն նմուշները մետաքսից են:
[layerslider id=”gallery color combination 2″]
Առանձնանում են շարֆի նաև այլ տեսակներ, ինչպես օրինակ՝ բանդանան, որ քառակուսի կամ, ավելի հաճախ, եռանկյուն ձև ունի և նախատեսված է գլխին կապելու համար: Հատկանշական է, որ այն առաջ է եկել 20-րդ դարի ամենաառաջադեմ ենթամշակույթի՝ հիփ-հոփի և հիպպիական շարժման շնորհիվ: Այն իր տեսակով նման է ռուսական ծագում ունեցող համանման եռանկյունաձև (косынка) շարֆին, որ կրկին նախատեսված է գլխին կապելու համար: Ֆունկցիոնալության առումով հետաքրքրական են պալանտինն ու պառեոն, որոնցից առաջինը ծառայում է իբրև երկար թիկնոց, իսկ երկրորդը՝ լողափում լողազգեստը ծածկելու միջոց: Շատ ավելի բազմաֆունկցիոնալ ու մեծ չափսեր ունի ֆրանսիական ծագում ունեցող քաշնե տեսակի շարֆը, իսկ ձմեռային ամենասիրելի աքսեսուարն իհարկե հաստ բրդյա թելերից գործված տաք շալն է: Ձմեռային շարֆերից առանձնաում է հատկապես սնուդը՝ օղակաձև գործված շարֆը, որ շատ ոճային է և հրաշալի պաշտպանում է ցրտից: Այն հաճախ օգտագործվում է նաև գլուխը փաթաթելու համար: Բակտուսը ձմեռային շարֆի նորվեգական տարբերակն է: Այն եռանկյունաձև գործված շարֆ է, որն ի սկզբանե մաս է կազմել նորվեգական ազգային հագուստի, ընդ որում, սկզբնական շրջանում միայն տղամարդկանց: Այժմ այն հաճույքով կրում են նաև կանայք:
Կան նաև աքսեսուարներ, որոնց առաջին հայացքից դժվար է շարֆ անվանել, սակայն իրենց ֆունկցիայով և կրելու ձևով իրավամբ կրում են այն անունը: Այսպես՝ դասական շարֆի և օձիգի յուրատեսակ միաձուլում է սքեյչը: Այն առջևում ամրանում է կոճակով, ինչի շնորհիվ կրողի պարանոցը հրաշալի պաշտպանված է ցրտից, իսկ շոգ եղանակին բավական է պարզապես արձակել կոճակը: 20-րդ դարի առաջին կեսին առանձնահատուկ հեղինակություն էր վայելում կարապի փետուրներով երկարուկ բոա տեսակի շարֆը: Այդ ոճային աքսեսուարն այդպես են անվանել նմանեցնելով հարավամերիկյան համանուն էկզոտիկ օձի: Բնապահպաններին հատկապես դուր չի գա գորժետկա կոչված աքսեսուարը, որն իր կիրառությամբ դասվել է շարֆերի շարքին: Այն իրենից ներկայացնում է կենդանու ամբողջական մորթի, որը կրում են ուսերին և պարանոցին: Այս շարֆը երկար տարիներ համարվել է շքեղությունն ու սոցիալական ստոտուսը մատնանշող աքսեսուար: Բարեբախտաբար ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել գորժետկա արհեստական մորթուց: Շարֆի առավել էթնիկ դրսևորումներ անշուշտ կարելի է հանդիպել արևելյան երկրներում, որտեղ գլուխը ծածկող շարֆը թե՛ տղամարդկանց (քուֆիա) և թե՛ հատկապես կանանց (հիջաբ) ամենօրյա տեսքի անբաժան մասն է: Քուֆիայի տարատեսակ է արաֆատկան, որն ուղիղ կապ ունի Պաղեստինի առաջնորդներից մեկի՝ Յասեր Արաֆատի անվան հետ: Քուֆիան գլխին փաթաթելու նրա կերպը առաջ բերեց դրա մի նոր տարատեսակ, որն այժմ բավական հայտնի է արաբական աշխարհում՝ շնորհիվ իր հարմարավետության:
Այսպիսի բազմազանության ու բազմաֆունկցիոնալության շնորհիվ շարֆի տարատեսակ դրսևորումներ են հանդիպում տարբեր երկրների մշակույթում և նորաձևության պատմության գրեթե բոլոր փուլերում: Այն մինչ օրս էլ շարունակում է ձևափոխվել ու ներկայանալ նորովի: