Արվեստ և նորաձևություն. սյուրռեալիստական հագուստ խենթերի համար

Հաճախ արվեստի և նորաձևության պատմության մեջ երջանիկ պատահականությամբ, թե ճակատագրի բերումով իրար են հանդիպում տաղանդներ, որ ոգեշնչում և փոխլրացնում են միմյանց: Այդպես, իր ժամանակների մեծագույն դիզայներ Էլզա Սկիապարելին, ում հաջողվեց ամենօրյա դեֆիլեն վերածել վառ շոուի, ով առաջինն «օրինականացրեց» բիժուտերիան, ստեղծեց կանանց համար առաջին գործված սվիտերների հավաքածուն և, ի վերջո, կանանց նվիրեց բիկինի կրելու ազատությունը, հանդիպեց Սալվադոր Դալիին՝ խենթ սյուրռեալիստ արվեստագետին, ով իր գաղափարներով ողողել է ողջ 20-րդ դարը:

Սալվադոր Դալին, արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչների հետ համագործակցությունների առիթը երբեք բաց չէր թողնում: Նա սիրում էր աշխատել նրանց հետ, ովքեր կիսում էին իր սյուրռեալիստական խենթ գաղափարներն ու աշխարհայացքը:

Այսպես, Սալվադոր Դալիի և Էլզա Սկիապարելիի ծանոթությունը, որ տեղի ունեցավ 1920-ականներին, կարծես կանխորոշված էր ճակատագրով: Նրանց միջև չկար սիրային կապ. այն ինչ կատարվում էր միանշանակ ավելին էր: Դրանք հարաբերություններ էին՝ հիմնված խոր ակնածանքի վրա, որտեղ մեկը մյուսի մեջ իրական հանճար է տեսնում: Այս խենթ զույգին հաջողվեց իրենց երազներն ու մղձավանջները վերածել իրական արվեստի և իրական նորաձևության: Նրանց միացավ նաև սյուրռեալիստ ռեժիսոր Ժան Կոկտոն: Սկիապարելին երբեք առիթը բաց չէր թողնում ցնցելու հանդիսատեսին: Վերջինս հագուստի կառուցումն իրականացնում էր սյուրռեալիստական էսթետիկայի տրամաբանությամբ:

Էլզա Սկիապարելի և Սալվադոր Դալի
Էլզա Սկիապարելի և Սալվադոր Դալի

Սյուրռեալիզմի մանիֆեստում Անդրե Բրետոնը գրել է. «Սյուրռեալիզմը փիլիսոփայություն է՝ հիմնված բարձրագույն իրականության՝ նախկինում անտեսված որոշ ձևերի հավատի, երազների ամենակարողության, մտքերի անշահախնդիր խաղի վրա: Այն նպատակ ունի ոչնչացնել բոլոր հոգեբանական մեխանիզմները և փոխարինել դրանք՝ լուծելով կյանքի հիմնական խնդիրները»: Այս մանիֆեստը միանգամայն կիրառելի է նաև Սկիապարելիի ստեղծած նորաձևության դեպքում: Ահա թե ինչու այս երեք տաղանդաշատ մարդիկ հեշտորեն հասկացան միմյանց:

Ի սկզբանե Սկիապարելիի ստեղծած յուրաքանչյուր հագուստ յուրահատուկ էր և չկրկնվող: Նա չէր ձգտում գումար աշխատել հագուստ ստեղծելով: Ընդհակառակը, նա դա անում էր հաճույքի համար, ծայրահեղ դեպքում՝ նվիրում էր հատուկ մարդկանց, ովքեր ի վիճակի էին հասկանալ իր ստեղծած հագուստը: Սակայն շուտով, նոր համագործակցության շնորհիվ, Սկիապարելին  զգեստի պատվեր ստացավ ոչ ավել, ոչ պակաս Վինդզորյան թագավորական ընտանիքից: Հանրահայտ սյուրռեալիստական զգեստը զարդարված էր հսկայական օմարի պատկերով: Շուտով արդեն՝ 1928 թվականից, Սկիապարելիի արվեստանոցը վերածվեց նորաձևության տան, որ թերևս ամենախելահեղն էր բոլոր նորաձևության տներից:

Dress with Omar, Dali, Schiaparelli
Հանրահայտ սյուրռեալիստական զգեստը զարդարված հսկայական օմարի պատկերով, 1928թ․։

Սկիապարելիի, Դալիի և Կոկտոյի համագործակցությունը կարճատև էր, սակայն շատ պրոդուկտիվ:  Նրանցից յուրաքանչյուրը, լինելով վառ, ստեղծագործ անհատականություն, ներմուծում էր իրենը, ինչը շատ էր օգնում կոլեկտիվ աշխատանքին:

Այսպես, Կոկտոն ներմուծում էր հոգեմետ թեմաներ՝ կապված գիշերային մղձավանջների և հոգեկան խանգարումների հետ, Դալին՝ ընդհակառակը, օբյեկտներ, որ գոյություն ունեն ռեալ աշխարհում, սակայն իրականացված են սյուրռեալիստական տեսանկյունից: Այսպես օրինակ՝ ոչխարի մսով կոտլետի պատկեր պարունակող կտավի վրա, աշխատելուն զուգահեռ, Դալին Սկիապարելիի հետ ստեղծեց գլխարկ կոտլետի տեսքով:

Բավական աղմկահարույց էր նաև բիժուտերիայի 1932թ. հավաքածուն: Այդտեղ զարմանալի էր ոչ միայն դիզայնը, այլև նյութը, որով աշխատել էին սյուրռեալիստները: Այն ընդգրկում էր սառնաշաքարներ, գրենական պիտույքներ, դեղորայք և փետուրներ: Դալին այդ հավաքածուն համալրեց նաև հեռախոս-ականջօղերով, իսկ Ժան Կոկտոն ստեղծեց «ամենատես աչք» խորհրդանշական ականջօղերը: Սկիապարելին իր հերթին ստեղծեց վզնոց ասպիրինից և ուժեղ քնաբեր հաբերից, ինչպես նաև՝ մի քանի կենդանակերպ զարդեր կրկեսի թեմայով: Իսկ երբ Սկիապարելին հետաքրքրություն հայտնեց դեպի օպտիկական  խաբկանքները, Դալին օգնեց նրան ստեղծել զգեստ-արցունք՝ դրա վրա նկարելով անհետացող արցունքներ, որոնք հնարավոր էր տեսնել միայն որոշակի անկյան տակ և որոշակի հեռավորությունից:

«ամենատես աչք» խորհրդանշական ականջօղերը
«Ամենատես աչք» խորհրդանշական ականջօղերը

Բավականին աղմկահարույց էր նաև տարօրինակ ձև ունեցող գլխարկների սրամիտ հավաքածուն, որ կարծես իր ժամանակից առաջ էր ստեղծված:  Գլխարկ-կոշիկի գաղափարը Դալիի մոտ առաջացել էր դեռևս 1933թ., երբ իր կնոջը՝ Գալային լուսանկարելիս, նրա գլխին դրեց մի կոշիկ: 1937թ.  այդ գաղափարն արդեն իրականացված էր: Գլխարկ-կոշիկը կրում էին Գալան և Սկիապարելին, իսկ ավելի ուշ նաև Սկիապարելիի ամենահավատարիմ գնորդներից մեկը՝ Դեյզի Ֆելոուզը, որն այդ ժամանակ ֆրանս-ամերիկյան Harper’s Bazaar ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Հետագայում ի հայտ եկավ գլխարկ-դեղահաբը, որ 30 տարի անց պիտի դառնար Ժակլին Քենեդու ոճի անբաժան մասը կազմող գլխարկի նախատիպը:

Գլխարկ-կոշիկ, 1937թ
Գլխարկ-կոշիկ, 1937թ

Դալիի, Կոկտոյի և Սկիապարելիի համատեղ հավաքածուները  բուռն արձագանքի էին արժանանում թե՛ ավանգարդիստական նորաձևության կողմնակիցների, և թե՛ այն մերժողների շրջանում: Որոշ ժամանակ անց Սկիապարելին սկսեց աշխատել միայնակ, սակայն Դալին և Կոկտոն շարունակում էին խելահեղ գաղափարներով լրացնել նրա տաղանդը: