Փոփ արտը կերպարվեստի նեոավանգարդիստական ուղղություն է (բառացի՝ հանրամատչելի արվեստ)։ Այն մասսայական մշակույթի պատկերներով աշխատող գեղարվեստական ուղղություն է։ Փոփ արտի ստեղծագործություն կարող են լինել կոմիքսները, տարատեսակ գովազդները, պաստառները, փաթեթավորումներն ու տարբերանշանները: Այս ուղղության նպատակը «բարձր» արվեստի և «ցածր» մշակույթի միջև սահմանների բացումն է՝ հակազդելով աբստրակտ արվեստին, միևնույն ժամանակ կապ ունենալով դադաիզմի և սյուրռեալիզմի հետ: Այն տարածում է գտել 1950-ական թվականների 2-րդ կեսից ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։
Փոփ արտ պատկերները մինչ այսօր էլ նույնքան հզոր ու կենդանի են և վկայում են ապշեցնող օրիգինալության ու գրավչության մասին: Դրանցում տեղ են գտնում մեդիայից և մասսայական արտադրությունից վերցված յուրահատուկ պատկերներով ստեղծված վառ պրինտներ, որոնք աչքի են ընկնում հարթապատկերայնությամբ՝ ոգեշնչված կոմիքսներից և թերթային անորակ լուսանկարներից: Թերթերի, ամսագրերի և կոմիքսների կտրատված էջեր, տարբերանշաններ ու պաստառներ, կոնֆետների ու ըմպելիքների գունագեղ պիտակներ և փաթեթավորում․ այս ամենը դարձել են փոփ արտի անքակտելի մասը։
Է․ Ուորհոլը, Ջ․ Ջոնսը, Ռ․ Լիխտենշտեյնը Ջ․ Ռոզենկվիստը, Ջ․ Դայնը, Ռ․ Ռաուշենբերգը, Պ․ Բլեյքը, Ռ․ Համիլտոնը և այլք շատ արագ դարձան հայտնի: Նրանց աշխատանքների պահանջարկը շատ մեծ էր, և պատճառը հիմնականում այն էր, որ դրանք ուղղված էին լայն հասարակությանը և օգտագործում էին այնպիսի կոմերցիոն մեթոդներ, ինչպիսիք են տրաֆարետային տպագրությունն ու լիտոգրաֆիան: Այդպիսի տեխնիկան բնականաբար ավելի մատչելի էր, քան արվեստի այլ՝ մեկ օրինակով ստեղծվող աշխատանքները:
20-րդ դարում փոփ արտը դարձավ կերպարվեստի առաջատար տեսակ և մեծ ազդեցություն ունեցավ ինտերիերի և հագուստի դիզայներների վրա:
Ժամանակի ընթացքում բազմաթիվ նորաձևության տներ ներկայացան փոփ արտից ոգեշնչված պրինտներ պարունակող հավաքածուներով: Նորաձևության ժամանակակից տենդենցները լավագույն ապացույցն են այն բանի, որ փոփ արտն այժմ էլ մեծ ազդեցություն ունի գրեթե բոլոր ոլորտների վրա: Մասսայական արտադրության աշխարհում այն շարունակում է զբաղեցնել իր պատվավոր տեղը: Կան անգամ կարծիքներ, որ փոփ արտից ոգեշնչված նորաձևությունը պետք է հայտարարվի որպես ինքնուրույն ուղղություն: Կես դարից ավելի է անցել առաջին «Քեմփբելս ապուր» զգեստից, բայց փոփ արտն ավելի է ամրապնդել իր դիրքերը նորաձևության մեջ: Ժամանակակից դիզայներները շարունակում են վերադառնալ արվեստին ավելի ու ավելի շատ:
Այժմ ցանկացած քաղաքում կարելի է գտնել տպարան, որտեղ հնարավոր է հագուստի վրա նոր, թարմ պրինտներ անել: Հագուստում հաճախ օգտագործվում են կրկնվող պատկերներ՝ ինչպես հենց փոփ արտում, կամ մեկ դոմինանտ պատկեր, որ կոնտրաստով շահեկանորեն առանձնանում է միատոն ետնախորքին: Ընդ որում դա կարող է լինել թե՛ դասական կոստյում, թե՛ եթերային զգեստ և թե՛ հասարակ շապիկ: Առօրյա կյանքում էլ հաճախ կարելի է հանդիպել ամենասովորական շապիկներ, աքսեսուարներ, որ փոփ արտից վերցված կամ ոգեշնչված որևէ պատկեր են պարունակում: Դժվար է պատկերացնել ժամանանակից մարդու, ով իր զգեստապահարանում չունի գոնե մեկ այդպիսի նմուշ:
Ժամանակի հետ փոփ արտը նորաձևության մեջ ընդլայնեց իր դիրքերը: Ստեղծվեցին փոփ արտ աքսեսուարներ, ինչպես օրինակ՝ Լուի Վիտոնի և Ջեֆ Կունսի համագործակցության արդյունքում ստեղծված պայուսակները կամ Դոլչե Գաբանայի աքսեսուարների լայն ընտրանին փոփ արտի տարբեր պատկերներով՝ համալրված ձեռքի աշխատանքով արված ուլունքաշարով: Այս ամենին զուգահեռ առաջ եկան փոփ արտ դիմահարդարման, մատնահարդարման և տատուաժի նոր տենդենցներ, որոնք համալրեցին բարձր նորաձևության ստեղծագործությունները: Արդեն ավելի քան 50 տարի բարձր նորաձևությունը օգտվում է փոփ արտից: Ջանի Վերսաչեն օգտագործում էր Մերլին Մոնրոյի հանրահայտ պատկերը, Քրիստիան Դիորն էլ մի ամբողջ հավաքածու ստեղծեց Էնդի Ուորհոլի էսքիզներով:
Վերջին տարիներին ևս հանրահայտ նորաձևության տները շարունակում են անդրադարձ կատարել փոփ արտին։ Այն նույնքան թրենդային է և նույնքան մեծ հիացմունք է առաջացնում մեր օրերում։ Ներկայացնենք վերջին տարիներին փոփ արտից ոգեշնչված մի քանի հավաքածու։
Ռոյ Լիխտենշտեյն․ փոփ արտի նրբագեղության մասին
Տարատեսակ վզակապերն ու շարֆերը մեծապես հիշեցնում են Ռոյ Լիխտենշտեյնի արվեստը։ Առհասարակ այս արվեստագետը նշանակալի է նրանով, որ իր ստեղծագործություններում հաճախ կարելի է վիզուալ կոդեր հանդիպել այսպես կոչված «բարձր մշակույթից»։ Պատահական չէ, որ հենց նրա արվեստից ոգեշնչված՝ մասսայական և բարձր արվեստի, ինչպես նաև ժամանակակից մտքի դիպուկ և զավեշտային համադրություն ստեղծեցին և պոդիում բարձրացրին դիզայներներ Ալեսանդրո Միկելեն և Ալբեր Էլբազը։
Գուչիի և Լանվինի հավաքածուները կրող մոդելները ներկայանում էին իբրև ժամանակակից, նրբագեղ, դասական, գործնական տիկնայք և 70-ականների ինտելեկտուալ սերնդի ներկայացուցիչներ, չնայած այն հանգամանքին, որ կրում էին «թեթևամիտ» Լիխտենշտեյնյան վզակապեր։ Այդպիսի համադրության հաջողության գաղտնիքը զուսպ դիմահարդարման և հագուստին բոլորովին չհամապատասխանող աքսեսուարների մեջ էր․ ճիշտ այնպես, ինչպես Ռոյ Լիխտենշտեյնի գունազարդ պատկերներն ու դրանց հակադրվող բավական լուրջ ուղերձները։
[layerslider id=”Pop-art 1″]
Լիխտենշտեյնի մեկ այլ ստեղծագործության հերոսուհու սեքսուալ գրավչությունը ձեռք է բերել մուլտֆիլմային գծեր և կորցրել իրականության հետ կապը։ Այն ինչ-որ առումով իրականություն վերադարձրեց Ալեսանդրո Միկելեն։
Շնորհիվ Գուչիի 2016թ․-ի գարուն-ամառ հավաքածուի վառ գունապնակի և թեթևության՝ սեքսուալ գրավչության գաղափարը տեղափոխվում է բոլորովին այլ չափում, հետ ճանապարհ հարթելով իրականությունից դեպի փոփ արտ։ Իսկ ահա Պակո Ռաբանի՝ նույն թվականի գարուն-ամառ հավաքածուում Լիխտենշտեյնի նույն երևակայական հերոսուհին ավելի շուտ նմանվում է ռետրո բացիկից կտրված աղջնակի։
[layerslider id=”Pop-art 2″]
Էնդի Ուորհոլ և Ջեյմս Ռոզենկվիստ․ փոփ արտի գունագեղության մասին
Փոփ արտի հիմնադիրներից մեկը՝ Էնդի Ուորհոլը ամսագրի բավական հաջողակ նկարազարդող էր: Նա շատ արագ դարձավ իր ժամանակի ամենաճանաչելի ու պահանջված կոմերցիոն նկարիչներից մեկը: 1961թ.-ին Ուորհոլը հիմնովին հաստատեց փոփ արտի կոնցեպցիան: Հանրահայտ դիզայներներից շատ ավելի առաջ հենց ինքը՝ Էնդի Ուորհոլն, առաջինն էր, ով իր ստեղծագործությունն օգտագործեց նորաձևության մեջ: 1960-ականներին նա սկսեց իր գործերը տպել բամբակյա զգեստների վրա, որոնք այդ ժամանակ բավական ակտուալ էին:
Էնդի Ուորհոլի երբեմնի համարձակ, գունագեղ պրինտներն այսօր վիզուալ արվեստի բացարձակ դասականներ են։ Դրանցով արդեն դժվար է զարմացնել։ Սակայն նորաձևության մեջ էլ կան այնպիսի ըմբոստ արվեստագետներ, ինչպես Մարկ Ջեքոբսը, ովքեր կարողանում են շատ հասարակ հնարքներով այնպիսի թրթիռներ առաջացնել դիտողի մոտ, ինչպես Ուորհոլը տասնամյակներ առաջ։ Սկզբունքորեն ոչ մի նոր բան Ջեքոբսը չի արել։ Բայց և այնպես, նրա մոտեցումը շատ համարձակ է համարվում։ Ողջ խնդիրը գիգանտիզմի մեջ է․ զգեստներ և վերարկուներ՝ ողջ մակերեսով մեծածավալ, բազմագույն դիմանկարներով ծածկված։ Սա այն դեպքն է, երբ ամեն բան այնքան վատ է, որ պարզապես հրաշալի է և հենց այն է, ինչ պետք է։
[layerslider id=”Pop-art 3″]
2018-ին Դոլչե Գաբանան և Վերսաչեն ներկայացրին ամբողջական լուքեր՝ Էնդի Ուորհոլից ոգեշնչված փոփ արտ պրինտներով։ Այս երկու նորաձևության տները ոչ միայն չեն վախեցել բարձր նորաձևություն վերադարձնել այն գործերը, որոնք արդեն կարծես «մեյնսթրիմ» են դարձել, բայց և կարողացել են ներկայացնել փոփ արտն իր ողջ շքեղությամբ, միևնույն ժամանակ նրանցից յուրաքանչույրը չի կորցրել իր ուրույն ոճն ու ձեռագիրը։
Փոփ արտի մեկ այլ հանճար Ռոզենկվիստը երկար տարիներ գումար էր վաստակում բիլբորդներ նկարելով։ Արդյունքում նա իր ստեծագործություններում որդեգրեց բիլբորդներին հատուկ հատկանիշները՝ մեծ չափսերն ու վառ ներկապնակը։ Նրա ստեղծագործություններում մեծ ու փոքր, ճանաչելի և անճանաչելի պատկերները միավորվում են մեկ գեղանկարչական պաննոյում, որտեղ էական է ոչ թե բովանդակությունը, այլ ազդեցությունը դիտողի վրա։
Կոնցեպտուալ և վիզուալ առումներով այդ ժեստը նկատվում է նաև դիզայներ Ջերեմի Սկոտի ստեղծագործություններում։ Մոսկինոյի 2016թ․ գարուն-ամառ հավաքածուում պատկերների կտրտանքներից, նշանաբաններից և տարբերանշաններից բաղկացած պրինտները միանգամից գրավում են դիտողի ուշադրությունը։ Դրանք կարծես փոփ արտի և նորաձևության սահմանագծին լինեն։ Ջերեմի Սկոտի աշխատանքները շատերն են քննադատում, սակայն դրանք անհնար է չճանաչել։
[layerslider id=”Pop-art 4″]
Սպառողական անհոգի աշխարհն ավելի գունագեղ ու կենդանի դարձնելն է փոփ արտի հիմնական առաքելությունը․ մի բան, որ արվեստի այս ուղղությանը անկասկած հաջողվում է անել արդեն տասնամյակներ շարունակ։