Արվեստ և նորաձևություն․ նոր հայացք դասական արվեստին՝ Լուի Վիտոնի և Ջեֆ Կունսի կողմից

Ֆրանսիական ամենահայտնի նորաձևության տներից մեկը՝ Լուի Վիտոնը, հայտնի է ժամանակակից արվեստագետների հետ ունեցած իր համագործակցություններով։ Կարելի է ասել, որ ժամանակակից համագործակցությունների ալիքը նորաձևության աշխարհում վերսկսվել է հենց Լուի Վիտոնի շնորհիվ։ 1997թ․ այս նորաձևության տան ղեկավարումն իր ձեռքը վերցրեց Մարկ Ջեքոբսը։ Այն ժամանակ սա աքսեսուարների բավական կոնսերվատիվ բրենդ էր։ Վերջինս թողարկեց նոր հավաքածու՝ համագործակցելով ժամանակակից ամերիկացի արվեստագետ և դիզայներ Սթիվեն Սփրաուզի հետ, իսկ չորս տարի անց նաև աշխարհահռչակ ճապոնացի արվեստագետ Տակաշի Մուրակամիի հետ, ում հետ համագործակցությունը տևեց բավական երկար՝ 2002-2015թթ․։ Այժմ էլ, առանց Մարկ Ջեքոբսի, արդեն Նիկոլա Գեսկյերի գլխավորությամբ Լուի Վիտոնը շարունակում է պահպանել կապն արվեստի հետ։ Նոր համագործակցություններից մեկն ամերիկացի ժամանակակից արվեստագետ Ջեֆ Կունսի հետ է։ Նրան անվանում են «ամենահաջողակ ամերիկացի արվեստագետն Ուորհոլից հետո»․ նա թերևս ամենաթանկ արվեստագետներից է աշխարհում և վստահաբար նաև ամենաէպատաժայինը։ Նրա ստեղծագործական շրջանակը շատ լայն է․ Լեդի Գագայի ալբոմի նկարազարդումից մինչև Դոն Պերինյոնի շշի ձևավորում և, ի վերջո, ժամանակակից արվեստի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Շունը փուչիկից», որոնցից մեկն, իմիջիայլոց, վաճառվել է 58,4 միլիոն ԱՄՆ դոլարով։

Ջեֆ Կունս․ «Շունը փուչիկից
Ջեֆ Կունս․ «Շունը փուչիկից

Եվ ահա, 2017թ․ Ջեֆ Կունսը Լուի Վիտոնի հետ համատեղ ստեղծեց աքսեսուարների (պայուսակներ, շարֆեր, նոթբուքի պատյաններ և դրամապանակներ) մի հավաքածու՝ բաղկացած 51 իրից, որոնք ամբողջությամբ պատված են համաշխարհային արվեստի ամենաճանաչելի ստեղծագործություններով։ Այսպես, Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», Պոլ Գոգենի «Հիասքանչ երկիր», Էդուարդ Մանեի «Նախաճաշ խոտի վրա», Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները», Ուիլիամ Թյորների «Հին Հռոմ», Նիկոլա Պուսենի «Պանի հաղթանակը» և մի քանի այլ ստեղծագործություններ հայտնվեցին Լուի Վիտոնի Speedy, Keepall, Neverfull պայուսակների, շարֆերի և այլ աքսեսուարների վրա՝ հատուկ Լուի Վիտոնի՝ Փարիզյան Վանդոմի հրապարակի խանութի համար։ Արվեստագետների ընտրությունը Ջեֆ Կունսինն էր։ Ինչպես ինքն է ասում՝ նրանք իր ԴՆԹ-ի մասն են կազմում և շատ խորքային, հեռավոր կապեր ունեն իր ստեղծագործության հետ։ Նա համոզված է, որ եթե որևէ մեկն այդ աքսեսուարներով քայլի փողոցով կամ նստած լինի սրճարանում, դա կլինի սիրո և հումանիզմի լավագույն դրսևորումն ու գրավականը։

Ավելի վաղ արվեստագետը ներկայացել էր «Gazing Ball Paintings» նախագծով, որի շրջանակներում հենց ինքը ստեղծել էր այդ հանրահայտ ստեղծագործությունների կրկնօրինակները։ Այդ նախագիծը հանդիսանում է արվեստի պատմության հանրահայտ կանոնների և տարբեր ժամանակաշրջաններում ապրած և ստեղծագործած արվեստագետների կապի վիզուալ մարմնավորումը։ Այդ հայտնի ստեղծագործություններն, ամենօրյա օգտագործման իրերի՝ աքսեսուարների վրա դնելով, արվեստագետն ինչ-որ առումով բացեց թանգարանների դռներն աշխարհի առաջ և առաջարկեց նայել այդ գլուխգործոցներին այլ հայացքով։

Ջեֆ Կունսի Gazing Ball Paintings նախագիծը
Ջեֆ Կունսի Gazing Ball Paintings նախագիծը

Այս հավաքածուում ևս, Ջեֆ Կունսը դրսևորեց իրեն իբրև նորարար արվեստագետ։ Նա թերևս առաջինն ու միակն էր, ում հաջողվեց Լուի Վիտոնի հայտնի «LV» սկզբնատառերի հետ աքսեսուարներին ավելացնել իր սեփական «JK» սկզբնատառերը։ Իսկ հայտնի արվեստագետների անունները նա, ոչ ավել, ոչ պակաս, փակցրեց մեծ ու ոսկեգույն մետաղյա տառերով՝ աքսեսուարի ուղիղ կենտրոնում, որոնցում դիտողը կարող է տեսնել իր սեփական արտացոլանքն այնպես, ինչպես այն կապույտ գնդի մեջ, որ Կունսն օգտագործել էր իր նախագծում։ Յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակի դիմանկարն ու կենսագրությունը ներկայացված է պայուսակի ներսի հատվածում, իսկ Ջեֆ Կունսի մասին վկայող փոքրիկ զարդը՝ փուչիկից նապաստակի տեսքով, կախված է բոլոր պայուսակների բռնակներից։

Շնորհիվ իր «Gazing Ball paintings» նախագծի՝ Ջեֆ Կունսը ևս մեկ անգամ վերահաստատեց իր դերը ժամանակակից արվեստի պատմության մեջ, և շնորհիվ Լուի Վիտոնի հետ համագործակցության՝ այն դարձավ համաշխարհային նորաձևության ժառանգության մաս՝ վերահաստատելով հնի ու նորի անքակտելի կապը։ Հավաքածուի մեջ տեղ գտած իրերի արժեքները 585-ից 4 000 ԱՄՆ դոլար էին, իսկ դրա առաջացրած աղմուկը նորաձևության աշխարհում գերազանցեց բոլոր սպասելիքները։