Կարլ Լագերֆելդ․ նորաձևության կայսրը

Կարլ Լագերֆելդը թերևս ամենահայտնի և ճանաչված մոդելավորողն է, ում հաջողվեց սեփական կերպարը դարձնել խորհրդանիշ, և ում հայացքները նորաձևության աշխարհում ամենաորոշիչն էին։ Սառը, պահանջկոտ, նպատակասլաց մարդ, ով հստակ գիտեր, թե ինչ է ուզում կյանքից։ Արդյո՞ք մենք իսկապես ճանաչում էինք այս առեղծվածային մարդուն։ Նա հայտնի է որպես գերմանացի մոդելավորող, դերասան և լուսանկարիչ, ֆրանսիական հանրահայտ «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայներ և գեղարվեստական տնօրեն։ Լագերֆելդին ճանաչում էին իր՝ արդեն «բրենդային» դարձած սպիտակ մազերով, սև ակնոցով և բարձր սպիտակ օձիքով։ Ահա այն ամենն ինչ գրեթե բոլորը գիտեին այս տաղանդավոր մարդու մասին։ Սակայն, ինչպես ինքն էր ասում, նրան ոչ ոք իրապես չէր ճանաչում։

Անհնար է կեղծել շքեղությունը,  սակայն հնարավոր է շքեղ լինել անգամ կեղծ մորթիով:

Կարլ Օտտո Լագերֆելդը ծնվել է 1933թ․ սեպտեմբերի 10-ին, Համբուրգում, չնայած, ինքը միշտ պնդում էր, որ իր ծննդյան տարեթիվը 1938թ․ է։ Երբ Կարլը 14 տարեկան էր, նրա բավական հարուստ ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ, ծնողների համաձայնությամբ պատանին ընդունվեց բարձր նորաձևության դպրոց, քանի որ նրա տաղանդներն ակներև էին դեռևս վաղ տարիքից։ Այստեղ էլ Կարլը հանդիպեց և ընկերացավ նորաձևության մեկ այլ ապագա լեգենդի՝ Իվ Սեն Լորանի հետ։ Արդեն 1954թ․ երիտասարդ Լագերֆելդը գրանցեց իր առաջին հաղթանակը նորաձևության հանրահայտ մրցույթներից մեկում՝ վերարկուի լավագույն էսքիզի համար առաջին տեղը զբաղեցնելով։ 1958թ․ Կարլին հրավիրեցին «Ժան Պատու» նորաձևության տուն, որտեղ էլ շուրջ 4 տարի աշխատելով երիտասարդ դիզայները ձեռք բերեց իր առաջին պրակտիկ փորձառությունը։

Կարլ Լագերֆելդը ստանում է իր առաջին մրցանակը

Այնուհետև Կարլը մեկնեց Իտալիա, որտեղ ուսումնասիրեց արվեստի պատմություն։ Սա, անշուշտ էլ ավելի հարստացրեց նրա դիզայներական միտքը։

Երբևէ մի ասեք «ես դա կարող էի անել», չէ՞ որ դուք դա չեք արել։

1960-ական թթ․-ից Կարլն ազատ դիզայների կարգավիճակով աշխատեց «Քլոե», «Կրիցիա», «Շառլ Ժուղդան» և «Ֆենդի» նորաձևության տների համար։ Հենց այստեղ էլ արտահայտվեց Լագերֆելդի բացառիկությունը։

Կարլ Լագերֆելդի էսքիզները Chanel նորաձևության տան համար

Նրան հաջողվում էր այս նորաձևության տներից յուրաքանչյուրի համար ստեղծել չկրկնվող և իրար չնմանվող հավաքածուներ՝ յուրաքանչյուրն իր ոճի և տրամաբանության մեջ։ Սա դեռ հերիք չէր, 1974թ․-ից էլ թողարկեց տղամարդկանց հագուստի իր սեփական հավաքածուն, ինչից անմիջապես հետո հրավեր ստացավ լինելու Վիեննայի կիրառական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր։

Ավելի լավ է ունենալ երկատված անհատականություն, քան առհասարակ չունենալ անհատականություն։

1980թ․ Լագերֆելդը նորաձև դարձրեց կիսաշրջազգեստ-շորտերն ու մինի-կիսաշրջազգեստները։ Բայց նրա իրական աստղային ժամը երկու տարի անց էր, երբ դարձավ «Շանել» նորաձևության տան գեղարվեստական տնօրենը։ Այդ շրջանում մոդելավորողը ստեղծեց պրետ-ա-պորտե հավաքածու։ Այս տաղանդավոր մոդելավորողին հաջողվեց «Շանելի» հնացած ոճին ժամանակակից դինամիկություն հաղորդել։ Նա կարողացավ արթնացնել այդ «քնած գեղեցկուհուն» ու վերադարձնել նրա երբեմնի համբավը։

Chanel-ի գովազդային պաստառ, 1982 Աշուն/Ձմեռ հավաքածու

1986թ․-ին «Շանելի» նոր հավաքածուի համար Լագերֆելդը ստացավ նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ «Ոսկե մատնոցը»։ Ավելի ուշ հայտնվեցին նաև «KL» և «KL by Karl Lagerfeld» հավաքածուները։

1990-ականներին Լագերֆելդի ոճն ավելի է մոտենում Կոկո Շանելին։ «Բել էպոկ» ոճով ձևված կոստյումներն ու երեկոյան զգեստները շատ արագ արժանացան համաշխարհային փառքի։ Միևնույն ժամանակ՝ հենց այս ընթացքում ձևավորվեց իր սեփական ոճը՝ արևային ակնոցներ, տղամարդու դասական կոստյում-եռյակ, օսլայած սպիտակ բարձր օձիգ, թևքածալեր և կաշվե միտենկա ձեռնոցներ։

 Անհատականությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է համեմատությունը:

Դիզայներական համբավի հետ մեկտեղ Լագերֆելդը հայտնի էր նաև իբրև լուսանկարիչ։ Նրա սիրելի մոդելները դարձան Կլաուդիա Շիֆերը, Դայանա Կրյուգերը, Ստելլա Թաննաթը, Կարա Դելավինը։ Լագերֆելդի ֆոտոսեսիաներին մասնակցել են նաև Վանեսա Պարադին, Կիրա Նայթլին, Ինես Դե լա Ֆրեսանժը և այլոք։

Կարլ Լագերֆելդը նկարահանում է հղի Քիմ Քարդաշյանին

Իր լուսանկարչական վաստակը ևս աննկատ չմնաց։ Լագերֆելդն արժանացավ «Lucky Strike Designer Award» և «Deutsche Gesellschaft fur Fotographie» մրցանկաներին, ստեղծեց իր սեփական լուսանկարչական գալերեան։ Լագերֆելդը նաև գրքերի մեծ սիրահար է։ Նրա անձնական գրադարանում տարիների ընթացքում հավաքվեց արվեստին և նորաձևությանը վերաբերող եզակի գրականություն։ Նա նաև հիմնադիրն է «7L» հրատարակչության, որին կից գործում է նաև գրախանութ։ Մաեստրոն զբաղվել է նաև բացառիկ օծանելիքի ստեղծմամբ։ Սկսած 1975թ․-ից Լագերֆելդը թողարկում էր նաև օծանելիք։ Իսկ իր սեփական օգտագործման համար նա ստեղծեց օծանելիք՝ գրքերի բույրով։ 2018թ․ Լագրֆելդը թողարկեց դեկորատիվ կոսմետիկայի սեփական հավաքածուն՝ ModelCo-ի հետ համատեղ։

Ոչինչ այնքան չի ծերացնում, որքան երիտասարդ երևալու փորձերը:

Բավական պատկառելի տարիքում էլ Կարլ Լագերֆելդը հրաժարվում էր հեռանալ նորաձևության աշխարհից։ Նրա կյանքի միակ և վերջին սերը իր լավագույն ընկեր Ժակ դե Բաշերն էր, որի մահից հետո Լագերֆելդի կյանքի միակ ուղեկիցն իր կատուն էր՝ Շուպետը։

Կարլ Լագերֆելդի կատուն՝ Շուպետը։

Լագերֆելդին անվանում են «նորաձևության կայսր»։ Բոլորին է հայտնի նրա անողոք մոտեցումը նորաձևությանը և ոճին։ Նրա համար աններելի էին սխալներն ու վատ համադրությունները։ Իսկ նրբաճաշակությունը նրա արյան մեջ էր, ոչ ոք չէր կարող նրան գերազանցել։ Լագերֆելդի յուրաքանչյուր ցուցադրություն մի իրական տոն էր նորաձևության աշխարհում։ Դա մի ցնցող շոու էր, որտեղ ամեն ինչ անթերի էր՝ հատուկ իր բնավորությանը։ Լագերֆելդը ծրագրում էր ամեն ինչ՝ ողջ ցուցադրությունը նրա ստեղծագործությունն էր։ Դեկորացիաներ, որ ճարտարապետական բացառիկ մտքի արգասիք էին և բարձրաճաշակ հագուստ, որ կրում էր թե՛ Լագերֆելդի ուրույն ձեռագիրը, և թե՛ այն նորաձևության տան, որը նա ներկայացնում էր։

2019թ․ փետրվարի 19-ին նորաձևության աշխարհը ցնցվեց նրա մահվան լուրով։ «Նորաձևության կայսրը» մահացավ Փարիզում՝ 85 տարեկան հասակում։

Ստորև ներկայացնում ենք 2007թ․ մեծ էկրան բարձրացած Մաեստրոյի մասին պատմող «Լագերֆելդի գաղտնիքները» ֆիլմը, որի ռեժիսորը Ռոդոլֆ Մարկոնին է։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Բեռլինալեում։

https://www.youtube.com/watch?v=hyAai1q14V4