Զահա Հադիդ․ ճարտարապետական հայացք նորաձևությանը

Zaha HadidԺամանակակից ամենայուրահատուկ ճարտարապետներից մեկն էր աշխարհահռչակ Զահա Հադիդը։ Այս բացառիկ կինը ծնվել է 1950թ․ և որոշել դառնալ ճարտարապետ արդեն 11 տարեկան հասակում։ Նրա ճարտարապետությունը բնութագրվում է որպես մի առանձին մոլորակ, իսկ ահռելի ափերով այն ձևերը, որոնք նա ստանում է՝ ոչ երկրային։ 1979թ-ին Հադիդն արդեն սեփական ճարտարապետական ընկերություն ուներ Լոնդոնում։ Նա հեղինակել է Գլազգոյի Ռիվերսայդի տրանսպորտի թանգարանի շենքը, Քաթարի 2022 ֆուտբոլային ստադիոնը, Սաուդյան Արաբիայի Էր Րիադի մետրոյի Ոսկյա կայարանը, Բելգրադի բազմաֆունկցիոնալ շինությունը, բնակելի շենքեր, ինչպես օրինակ՝ Մանհեթնում,  Հոնգկոնգի ճարտարագիտական համալսարանի շենքը, Բոննի Բեթհովենի անվան փառատոնների դահլիճը, Չինաստանի Մակաո քաղաքի ամենահայտնի հյուրանոցներից մեկը, Տոկիոյի օլիմպիական ստադիոնը և բազմաթիվ այլ անհավանական շինություններ։ Նրա ստեղծագործություններն ունեն միայն իրեն հատուկ ուրույն ձեռագիր, և ճանաչելի են կիլոմետրերի հեռավորությունից։

Նրա ձեռագիրը ճանաչելի է նաև նորաձևության մեջ։ Գուցե զարմանալի է, բայց Հադիդը համագործակցել է մի շարք նորաձևության տների հետ և ստեղծել աքսեսուարներ, որ կրկին պարունակում են իր ուրույն ձեռագիրը։

Եվ այսպես՝ 2006թ․ Լուի Վիտոնի՝ աշխարհի ամենահայտնի պայուսակները նմանվեցին ճարտարապետական օբյեկտի։ Icone Bag նախագծի շրջանակներում 9 ճարտարապետ ներկայացրին իրենց մոտեցումը ժամանակակից աքսեսուարների հանդեպ։ Այսպես՝ Լուի Վիտոնի «Բաքեթ» մոդելի պայուսակը Զահա Հադիդի ձեռքում վերածվեց հոսող օբյեկտի, իսկ բրենդի հայտնի Մոնոգրամը դարձավ էլ ավելի արտահայտիչ ու ռելիեֆային։

Louis Vuitton, Icone Bag
Դիզայներներ՝ Զահա Հադիդ, Պատրիկ Շումախեր
2006

Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում հանրահայտ Բուլգարի բրենդի ցուցադրության համար Զահա Հադիդը ստեղծեց օձանման բացառիկ ինստալյացիա, որ տեղադրվեց ցուցադրական տարածքում՝ Բուլգարի հյուրանոցի այգում։  Բացի դա, օձի կաշվի նախշեր հիշեցնող այդ ինստալյացիայի որոշ տարրեր տեղ գտան նոր՝ «Սերպենտի» հավաքածուում։

Zaha Hadid Bulgari Serpent
Ինստալյացիա Բուլգարիի «Սերպենտի» հավաքածուի ցուցադրության համար

2013թ․ Զահա Հադիդի ստեղծագործությունները դարձան մի փոքր ավելի մոտ «հասարակ մահկանացուներին», շնորհիվ «Յունայթիդ Նյուդ» կոշիկի բրենդի։ Վերջինս Հադիդի հետ համագործակցության շրջանակներում ներկայացրեց ֆուտուրիստական կոշիկների նոր հավաքածու՝ 16սմ կրունկով։ Կոշիկը պատրաստված էր քրոմով պատված վինիլից, ֆիբեր-ապակուց և հորթի կաշվից։ Շնորհիվ նյութերի այսպիսի համադրության՝ կոշիկները թե՛ հարմարավետ էին և թե՛ գրավիչ։

«Յունայթիդ Նյուդ» կոշիկների հավաքածու
Դիզայներ՝ Զահա Հադիդ

2008թ․ Զահա Հադիդը Կարլ Լագերֆելդի հրավերով համագործակցեց «Շանել» նորաձևության տան հետ։ Այս աշխատանքն ավելի մասշտաբային էր։ Հադիդը նախագծեց ցուցադրական շարժական պավիլիոն «Chanel Mobile Art». Ողջ պավիլիոնը նախագծվել էր «Շանելի» հանրահայտ «2․55» շղթայով փոքր պայուսակի ցուցադրության համար։ Ինքը՝ Լագերֆելդը, ով հայտնի էր իր պահանջկոտությամբ և ճշտապահությամբ, ասել է, որ դեռևս չի հանդիպել մեկին, ով աշխատում է այդքան արագ և պրոֆեսիոնալ։

Chanel Mobile Art pavilion Zaha Hadid
«Chanel Mobile Art» պավիլիոն

«Մելիսսա» Բրազիլական բրենդը հայտնի է ռետինե կոշիկների թողարկմամբ և հանրահայտ դեմքերի հետ համագործակցություններով։ Այս բրենդի հետ աշխատել են այնպիսի հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Գարետ Պյուն և Վիվիեն Վեստվուդը։ Հերթական համագործակցությունը 2008թ․ Զահա Հադիդի հետ էր։ Այս անգամ ճարտարապետը նախագծեց յուրահատուկ «ճարտարապետական» կոշիկ, որ շատ արագ սիրվեց և հայտնի դարձավ ողջ աշխարհում։ Նրա նապատակը կոշիկի դասական ձևի վերաիմաստավորումն ու դրա սահմանների ընդլայնումն էր։ Այդ ամենով հանդերձ՝ Հադիդին հաջողվել է չխարխլել կոշիկի հիմնական էությունն ու ամբողջականությունը։

«Մելիսսա» կոշիկներ
Դիզայն՝ Զահա Հադիդ

Ինչպես երևում է, Զահա Հադիդին դուր էր գալիս կոշիկի նախագծումը։ Այսպես՝ 2009թ․ «Լաքոստ» նորաձևության տան հետ համատեղ Հադիդը ստեղծեց կոշիկների հավաքածու, որի նպատակն էր վերաիմաստավորել բրենդի տարբերանշան կոկորդիլոսը։  Այդ պատկերը Հադիդի ձեռքերում ենթարկվեց թվային մշակման, իսկ մակերևույթը դարձավ հավաքածուի հիմքը։

Lacoste կոշիկներ
Դիզայն՝ Զահա Հադիդ

Իտալական «Ֆենդի» բրենդը ևս չկարողացավ անտարբեր մնալ Զահա Հադիդի տաղանդի հանդեպ և 2014թ․ առաջարկեց նոր համագործակցություն։ Այս անգամ Հադիդին սպասվում էր աշխատանք  «Ֆենդիի» հանրահայտ «Ֆենդի Փիքաբու» պայուսակի հետ։ Հադիդի շնորհիվ պայուսակը վերածվեց «ճարտարապետական կառույցի», որը, չգիտես ինչու, պատրաստված է կաշվից, ունի բռնակներ և փական։ Այս ամենով հանդերձ այն չի կորցրել իր նրբաճաշակությունը։

Fendi Zaha Hadid
Fendi պայուսակ
Դիզայն՝ Զահա Հադիդ

Բազմանկյունները Հադիդի ստեղծագործության ամենատիպիկ տարրերից են, որոնք նա փոխադրել է «Կասպիտա» բրենդի հետ համատեղ ստեղծված զարդերի «Սքեյն» կոչվող հավաքածուի մեջ։ Հավաքածուն պարունակում էր ոսկու տարբեր տեսակներ և ադամանդներ։

Caspita Zaha Hadid
Caspita մատանիներ
Դիզայն՝ Զահա Հադիդ

Զահա Հադիդի տաղանդը ակնառու էր ամենուրեք, որտեղ նա ուներ իր ներդրումը։ Նորաձևության աշխարհը, որ ճկուն է ու բաց տարատեսակ համագործակցությունների, անշուշտ մեծապես հարստացել է այս բացառիկ կնոջ շնորհիվ։