Մետաքսը հայտնագործվել է Չինաստանում՝ մ.թ.ա. 2700 թվականին.: Հնում մետաքսե հագուստն այնքան բարձր էր գնահատվում, որ դրա համար վճարում էին միմիայն ոսկով: Իմիջիայլոց, երբեմն մետաքսն ինքնին հանդիսանում էր վճարման միջոց: Իսկ Չինաստանում մետաքս կարող էին կրել միայն կայսրերը: Երկար տարիներ հենց այս երկրին էր պատկանում մետաքսի արտադրության մենաշնորհը: Չինացի մետաքսագործները խնամքով թաքցնում էին մետաքսի մշակման գաղտնիքը: Միջնադարում իտալացի արտադրողներին հաջողվեց բացահայտել կայսերական գործվածքի գաղտնիքը: Իտալիայի ազնավականությունն ըստ արժանվույն գնահատեց այս գործվածքն, ու շուտով այն լայն տարածում ստացավ: Մինչ օրս իտալական մետաքսը ևս համարվում է աշխարհում լավագույններից մեկը:
Ի՞նչ է մետաքսը.
Մետաքսը մանրաթել է, որն արտադրվում է տարբեր կենդանիների (հիմնականում միջատների) հատուկ գեղձերի միջոցով։ Արդյունաբերական նշանակություն ունեն շերամի և կաղնու թրթուրներից ստացվող մետաքսաթելերը։ Թթենու շերամի զարգացումը ընթանում է չորս փուլով։ Թիթեռները ձվադրում են շերամի սերմ, որից զարգանում է թրթուրը, որն էլ գանգրացնում է բոժոժը, վերափոխելով հարսնյակի, վերջինս էլ բոժոժի պատի անցքով ազատվում է դրանից։ Ահա այդ բոժոժն էլ մշակման արդյունքում վերածվում է նուրբ մետաքսի: Մետաքսի մանրաթելի հիմնական առանձնահատկությունը դրա փայլն է: Բանն այն է, որ մանրաթելը պատված է պրոտեինով, ինչն էլ ապահովում է յուրահատուկ փայլ: Մանրաթելն իր կտրվածքում եռանկյունաձև է, ինչի շնորհիվ այն պրիզմայի նման անդրադարձնում է արևի լույսը:
Մետաքսի, մաշկի և վարսերի «նուրբ փոխհարաբերությունների» մասին.
Բնական մետաքսը շքեղ է, գրավիչ, նուրբ և, ինչպես պարզվում է, նաև առողջարար: Դեռևս հին Չինաստանում և Ճապոնիայում հայտնի էր մետաքսի` մաշկի վրա ունեցած բարերար ազդեցության մասին: Եվ իսկապես, մետաքսը նպաստում է մաշկի երիտասարդացմանը: Մետաքսի պրոտեիններից մեկը՝ ֆիբրիոնը, դանդաղեցնում է մաշկի ծերացման պրոցեսը: Մետաքսը 97%-ով բաղկացած է սպիտակուցներից և 3%-ով՝ ճարպերից: Այն պարունակում է 18 ամինաթթու, որոնք բարելավում են արյան շրջանառությունը: Ահա թե ինչու մետաքսն օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում: Բժիշկները հաստատում են, որ մետաքսե գործվածքը նաև հանգստացնում է մաշկի գրգռվածությունը, վերացնում է չորությունը և ունի հակաբորբոքային հատկություն: Մետաքսե կապերը կարող են բարերար ազդեցություն ունենալ հոդերի վրա, իսկ մետաքսե գիշերանոցի հպումները մարմինը հանգստացնում և թույլ են տալիս ձերբազատվել անքնությունից: Դեռևս հնագույն ժամանակներից չինուհիները լոգանքից հետո սրբում էին դեմքը մետաքսե գործվածքով և քնում էին մետաքսե ծածկով բարձերի վրա: Ասում են՝ հենց սա է նրանց երիտասարդության գաղտնիքը: Բացի այն, որ մետաքսը բարերար ազդեցություն ունի մաշկի վրա, այն նաև հակաալերգիկ է, հետևաբար, այն ցուցված է բոլորին: Վարսերը ևս «սիրում են» մետաքս: Այն պաշտպանում է վարսերը ֆիզիկական վնասվածքներից, արևից և չորացումից: Մետաքսե գլխաշորեր կարելի է կապել թե՛ հենց գլխաշորի, թե՛ մազակալի և թե՛ թյուրբանի ձևով. ցանկացած պարագայում մետաքսը բարերար ազդցություն կունենա անգամ ամենավնասված վարսերի վրա, իսկ ամուր կապելու դեպքում ավելորդ անգամ չի վնասի դրանք՝ շնորհիվ իր փափկության: Մետաքսը չի ներծծում մաշկի յուղայնությունն ու վարսերի խոնավությունը, ինչի շնորհիվ դրանք չեն չորանում և պահպանում են փայլը:
Մետաքսը՝ դիզայներների սիրելին.
Մետաքս սիրում են նաև դիզայներները: Այն հրաշալի գործվածք է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել առավելություններն ու թաքցնել թերությունները: Այն չի շոգեցնում և չի սառեցնում, հարմար է տարվա բոլոր եղանակների համար: Այն նաև հարմար է ցանկացած տեսակի տպագրության համար, քանի որ հրաշալի կերպով պահում է գունային պիգմենտները: Այն նուրբ է, շքեղ և նորաձև բոլոր ժամանակներում:
Ի դեպ, Artuyt-ի մետաքսյա շարֆերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ինչպե՞ս խնամել մետաքսը.
Մետաքսը չափազանց նուրբ նյութ է, հետևաբար այն հատուկ խնամք է պահանջում: Մետաքսե հագուստը ցանկալի է չոր մաքրման ենթարկել և տան պայմաններում փորձարկումներ չանել, այլապես այն կարող է խունանալ: Բայց եթե, այնուամենայնիվ, որոշել եք լվանալ տան պայմաններում, ապա ցանկալի է՝ ձեռքով: Չի կարելի թաց ժամանակ ուժ գործադրել գործվածքի վրա և չորացնել արևի ուղիղ ճառագայթների տակ: Հետքերից խուսափելու համար մետաքսը պետք է արդուկել հակառակ կողմից և առանց հավելյալ խոնավեցնելու: Այդ պատճառով ցանկալի է արդուկել այն ժամանակ, երբ մետաքսը դեռևս հավասարաչափ խոնավ է: