20-րդ դարի Vogue-ի 10 ամենահայտնի լուսանկարիչները

Vogue-ն իրավամբ համարվում է նորաձևության մասին ամենաառաջատար ամսագիրն աշխարհում։ Հիմնադրումից ի վեր այս ամսագրի հետ աշխատել են ժամանակի լավագույն լուսանկարիչները։ Հետաքրքիրն այն է, որ նրանք երբեք չեն ստացել հոնորար աշխատանքի համար։ Ամսագիրը կարողացել է վճարել միայն կատարված ծախսերի համար։ Բայց, այնուամենայնիվ լուսանկարիչները սիրով համաձայնում էին աշխատել Vogue-ի համար, քանի որ այն իրենց գործը ներկայացնելու լավագույն հարթակն էին համարում։ Իր երկարատև պատմության ընթացքում Vogue-ը հանրաճանաչ է դարձրել բազմաթիվ լուսանկարիչների և համագործակցել է արդեն իսկ հայտնի ու տաղանդավոր մի շարք լուսանկարիչների հետ։

Ադոլֆ Մեյեր

Սկսած 1914թ․ հունվարյան համարից, Vogue-ի հիմնական լուսանկարիչը Մեյերն էր։ Այդ շրջանում նա մեծապես հայտնի էր շնորհիվ բարձրաշխարհիկ գեղեցկուհիների բեմականացված լուսանկարների։ Մեյերի լուսանկարները գեղանկարների իմիտացիաներ էին, դրանք առանձնանում էին ռոմանտիկ ու սենտիմենտալ տրամադրությամբ, ինչպես նաև հատուկ փայլով, ինչը ստացվում էր հատուկ ոսպնյակի կիրառության շնորհիվ։ Մեյերը հիմնականում փակ տարածքներում էր սիրում լուսանկարել, սակայն 1920թ․ թողարկման մեջ տպվեցին նաև պլեներում արված լուսանկարներ։ Vogue-ի հետ Մեյերն աշխատեց մոտ 10 տարի։ Այժմ նա հայտնի է որպես նորաձևության առաջին լուսանկարիչ։

Baron Adolph de Meyer.Ruth St Denis in Ourieda, a Romance of the Desert, 1914

Էդվարդ Սթեյհեն

Սթեյհենն արդեն բավական հայտնի լուսանկարիչ էր, երբ 1924թ․ եկավ Vogue։ Այդ տարիներին նորաձևության աշխարհի համար աշխատելը համարվում էր դավաճանություն բարձր արվեստի հանդեպ, սակայն Սթեյհենն անկեղծ հավատում էր, որ կոմերցիոն լուսանկարչությունը ևս կարող է գեղարվեստական արժեք ներկայացնել։ Vogue-ում աշխատելու տարիներին նա զարգացրեց արվեստանոցային լուսանկարչության սեփական ոճը։ Նրա լուսանկարներում բացակայում են կողմնակի առարկաները իսկ մոդելներն աչքի էին ընկնում պլաստիկությամբ և յուրաքանչյուր կին, ով հայտնվում էր նրա ֆոտոխցիկի առջև՝ վերածվում էր պրոֆեսիոնալ մոդելի։ Նրա թերևս ամենահայտնի աշխատանքը դերասանուհի Գլորիա Սվենսոնի 1924թ․ լուսանկարն է։ Սթեյհենը ևս իրավամբ համարվում է նորաձևության լուսանկարչության հիմնադիրներից։

Gloria Swanson by Edward Steichen, 1924

Սեսիլ Բիթոն

Բիթոնը Vogue-ի հետ աշխատել սկսեց 1920-ականներից։ Ի սկզբանե լուսանկարիչը ստեղծում էր դիմանկարներ մաքուր սպիտակ ետնախորքին։ Ժամանակի ընթացքում նրա գեղարվեստական լեզուն փոխվեց ու հարստացավ։ Լուսանկարչի ամենասիրելի մոդելներից էին Մերելին Մոնրոն և Օդրի Հեփբերնը։

Audrey Hepburn by Cecil Beaton, 1953

Թոնի Ֆրիսել

Ֆրիսելը Սեսիլ Բիտոնի օգնականն էր և վայելում էր Էդվարդ Սթեյհենի հովանավորչությունը։ 1931թ․ սկսվեց նրա համագործակցությունը Vogue-ի հետ։ Ֆրիսելը չէր սիրում արվեստանոցային ֆոտոսեսիաները և մոդելներին հիմնականում լուսանկարում էր պլեներում։ 1930-ականներին Ֆրիսելը կատարեց իր առաջին լուսանկարները, որտեղ մոդելները շարժման մեջ էին, իսկ նրանց մազերն ու շրջազգեստները ծածանվում էին քամուց։ Այդ լուսանկարներն իրական իրարանցում առաջացրին նորաձևության և լուսանկարչության աշխարհում, քանի որ դրանք բոլորովին նոր էին իրենց տեսակում։

Frida Kahlo by Toni Frissel, 1937

Էրվին Բլյումենֆելդ

Բլյումենֆելդն աշխատում էր ֆրանսիական Vogue-ի հետ 1937թ․-ից։ Նրա աշխատանքներն աչքի էին ընկնում կնոջ մարմնի հանդեպ յուրահատուկ վերաբերմունքով։ Լուսանկարչի համար այդ թեման անվերջ բացահայտումների և էսթետիկայի աղբյուր էր։ Նրա լուսանկարներում հաճախ արծարծվում էին սեքսի ու մահվան թեմաներ, իսկ կանացի մարմինը հանդես էր գալիս առեղծվածային կերպարով։  Բլյումենֆելդի ֆոտոխցիկը 1947թ․ ստեղծեց Vogue-ի այն շապիկը՝ Կարմեն Դել Օրեֆիսի դիմանկարով, ով մինչ այժմ հանդիսանում է Vogue-ի ամենատարեց մոդելը։

Carmen Dell’Orefice by Erwin Blumenfeld, 1947

Իրվին Պեն

Պենը լուսանկարիչ է դարձել հենց Vogue-ում. 1943թ․ նկարիչ և արվեստաբան Պենը սկսեց աշխատել բրիտանական Vogue-ում՝ որպես արտ տնօրեն Ալեքսանդր Լիբերմանի օգնական։ Երիտասարդ Պենը նորովի էր պատկերացնում Vogue-ի շապիկները, սակայն լուսանկարիչները չէին կարողանում և չէին ցանկանում իրականացնել նրա մտքերը։ Այդպես՝ Պենը որոշեց իր պատկերացրած շապիկները ստեղծել սեփական ջանքերով։ Նրա լուսանկարներն առանձնանում էին հստակությամբ և հրաշալի էին արտահայտում կանացի գեղեցկությունը։ Vogue-ում հիմնական աշխատանքը Պենն ավարտեց 1952թ․, սակայն նրա լուսանկարները շարունակում էին տպագրվել ամսագրում մինչև իր մահը՝ 2009թ․։

Lisa Fonssagrives by Irving Penn, 1950

Նորման Պարկինսոն

Պարկինսոնը բրիտանական Vogue-ում հայտնվեց երկրորդ աշխարհամարտի տարիներին, ապա սկսեց լուսանկարներ անել նաև ամերիկյան հրատարակչության համար։ Նրա լուսանկարներն աչքի էին ընկնում շարժունությամբ, թեթևությամբ, հումորով և խորը ռոմանտիզմով։ Պարկինսոնը սիրում էր աշխատել աշխարհի տարբեր անկյուններում։ Նրա լուսանկարներում մոդելները կարող էին բացահայտ հիմարություններ անել, թռվռալ ու նույնիսկ վազել ջայլամների հետևից։ Լիբերմանը հաճախ ասում էր, որ ոչ ոք չի կարողանում այդքան լավ համատեղել բնանկարն ու նորաձևությունը, որքան Պարկինսոնը։

Wenda and ostriches by Norman Parkinson, 1951

Գի Բուրդեն

Բուրդենը Vogue-ի հետ աշխատանքը սկսել է 1953թ․: Շատ շուտով քննադատները գնահատեցին նորահայտ լուսանկարչի սյուրռեալիստական աշխատանքների բացառիկությունը։ Բուրդենի ձեռագիրը միշտ ճանաչելի էր, շնորհիվ ճչացող գույների և էպատաժի։ Լուսանկարիչը հաճախ արծարծում էր դաժանության, բռնության, սեքսի ու մահվան թեմաներ։ Բուրդենի աշխատանքի 30 տարիների ընթացքում նրա լուսանկարները մեկ անգամ չէ, որ բուռն քննարկումների առարկա են դարձել։

Guy Bourdin for French Vogue, 1955

Ռիչարդ Ավեդոն

Ավեդոնը Vogue-ի հետ աշխատանքը սկսեց 1966թ․։ Նրա ձեռագիրը շատ ճանաչելի է․ մոնոխրոմ լուսանկարներ՝ միագույն ետնախորքով, որը ոչ մի կերպ չի շեղում ուշադրությունը մոդելի վառ կերպարից։ Ավեդոնը միշտ կարողոնում է այնպես անել, որ մոդելներն իրենց ազատ զգան նկարահանման ժամանակ, բացահայտեն իրենց ողջ պոտենցիալը։ Այդ իսկ պատճառով նրա լուսանկարները միշտ շատ արտահայտիչ են և շատ բնական։ 1967թ․ հենց Ավեդոնը բացահայտեց ապագայի աշխարհահռչակ մոդել Թվիգիին։

Twiggy by Richard Avedon, 1968

Պիտեր Լինդբերգ

Vogue-ի համար առաջին ֆոտոսեսիան Լինդբերգն արել է 1978թ․։ Ավելի ուշ սկսեց աշխատել բրիտանական, գերմանական և ամերիկյան Vogue-երի հետ միաժամանակ։ Լինդբերգը չէր սիրում արդեն հայտնի դարձած մոդելներին, նրանց համարում էր չափազանց անհետաքրքիր։ Այդպես ի հայտ եկան իր իսկ կողմից ընտրված այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Լինդա Էվանգելիստան, Նաոմի Քեպբելը, Սինդի Կրոուպֆորդը, Քրիստի Թարլինգթոնը, Տատյանա Պատիցը և այլոք։ Նրա աշխատանքներն աչքի են ընկնում նրբագեղությամբ, անկեղծությամբ և էմոցիոնալությամբ։

Linda Evangelista by Peter Lindbergh, 1988