Հայտնի ֆիլմերի 5 ամենավառ կերպարները շարֆով

Շարֆը պարզապես աքսեսուար չէ։ Ինչպես կյանքում, այնպես էլ ֆիլմերում շարֆը կերպարին խարիզմա և գրավչություն հաղորդող ատրիբուտ է։ Այն կերպարն ավելի վառ ու տպավորիչ է դարձնում։ Նման ատրիբուտները հաճախ օգտագործվում են կերպարի բնավորությունը ընդգծելու համար, երբեմն որևէ տրամաբանական գիծ են ստեղծում ֆիլմի սցենարում, հաճախ էլ նշանավորվում են խորհրդաբանական և ոճային, գունային և կոմպոզիցիոն հետաքրքիր լուծումներ ստեղծելով։ Այսպես, մենք առանձնացրեցինք հինգ հանրահայտ ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսները շարֆ են կրում։

Funny Face, 1957

Ռեժիսոր՝ Սթենլի Դոնեն

Հանրահայտ երաժշտական կոմեդիայի գլխավոր դերակատարուհի Օդրի Հեփբեերնը այս ֆիլմի տեսարաններից մեկում շլացնում է Ջիվենշիի կարմիր զգեստով և դրան համապատասխան կարմիր մետաքսյա շարֆով, որն իր գլխավերևում պահած, իջնում է Լուվրի հայտնի աստիճաններով։ Սա ֆիլմի թերևս ամենավառ տեսարաններից է, որտեղ Ջո Սթոքթոնը (Օդրի Հեփբերն)՝ գրախանութի նախկին վաճառողուհին, նոր կերպարով վերջնականապես հիացնում է լուսանկարիչ Դիք Էյվերիին (Ֆրեդ Աստերա) և հանդիսատեսին։ Յուրահատուկ կոմպոզիցիոն լուծման շնորհիվ իր սքանչելի շարֆն իբրև հաղթական դրոշ ծածանող գլխավոր հերոսուհու կերպարը զուգադրված է հաղթանակի աստվածուհի Նիկեի թևավոր արձանի հետ։

Funny Face, 1957

Confessions of a Shopaholic, 2009

Ռեժիսոր՝ Պոլ Ջոն Հոգան

Ոճային հագուստ գնելու մոլուցքով տառապող սքանչելի Ռեբեկա Բլումինգն (Իսլա Ֆիշեր) օրերից մի օր նկատում է իր հերթական գնումը՝ մի կանաչ շարֆ, որ հետագայում պիտի դառնար իր այցեքարտն ու օգներ գտնել թե՛ իր կյանքի մեծ սերը, և թե՛ այն հաջողության ճանապարհը, որ սպասում էր իրեն ոճային հագուստի և սպառված կրեդիտ քարտերի կույտերի հետևում։ Շարֆի կանաչ երանգը հիանալի կերպով համադրված է աղջկա վառ զգեստապահարանի և յուրահատուկ նարնջագույն վարսերի հետ։

Confessions of a shopaholic

Thelma and Louise, 1991

Ռեժիսոր՝ Ռիդլի Սքոթ

Այս ֆիլմը ճանապարհ հարթեց կանանց մասին պատմող արկածային ֆիլմերի համար։ Ի դեմս Սյուզան Սարանդոնի կերտած կերպարի՝ Լուիս Սավյերի, առաջ քաշեց մի նոր, չափազանց կանացի կերպար, որը կրում է ակնոց և շարֆն իբրև գլխաշոր։ Սա մի կերպար է, որն իր մեջ ներառեց ֆիլմի ողջ դրաման և ողջ քաոսը միաժամանակ։

Thelma And Louise

Devil Wears Prada, 2006

Ռեժիսոր՝ Դեյվիդ Ֆրանկել

Սա թերևս նորաձևության աշխարհին մոտ ամենահայտնի ֆիլմերից մեկն է, և անշուշտ անհնար է չհիշել պլատինե շիկահեր Միրանդա Պրիսլիին (Մերիել Սթրիփ)՝ այն խիստ և չափազանց ոճային տիկնոջը, ով շրջադարձային դեր խաղաց գլխավոր հերոսուհու կյանքում։ Այս նորաձև կերպարի գրեթե բոլոր լուքերն ընգրկում էին հանրահայտ Հերմես բրենդի շարֆեր։

The Devil Wears Prada

Sherlock, 2010-2017

Սցենարիստներ՝ Սթիվեն Մոֆաթ և Մարկ Գատիս

Հանրահայտ սերիալի գլխավոր հերոս, անուղղելի սոցիոպատ, գերակտիվ Շերլոք Հոլմսի (Բենեդիկտ Քամբերբաթչ) շարֆերն առանձնանում են իրենց պարզությամբ, բայց և իրական անգլիացուն հատուկ նրբաճաշակությամբ։ Սա հենց այն դեպքերից է, երբ շարֆն օգնել է ստեղծել առավել խարիզմատիկ կերպար։

Sherlock