Նորաձևության 10 աշխարհահռչակ թանգարան

Երբևէ մտածե՞լ եք, թե արդյոք որտեղ կարելի է տեսնել նորաձևության պատմությունն այնպես, ինչպես, օրինակ, դա հնարավոր է արվեստի դեպքում։ Ինչպե՞ս է արխիվացվում և արձանագրվում նորաձևության պատմությունը։ Տեսնես որտե՞ղ են այն գլխարկները, որոնք 1910-ականներին հայտնի դարձրեցին Կոկո Շանելին, որտեղ են Իվ Սեն Լորանի 1950-ականների առաջին էսքիզների իրականացումները, որոնցով նա հաղթանակ տարավ երիտասարդական մրցույթում, և կամ ո՞վ է պահպանել Քրիստիան Դիորի այն էսքիզները, որոնք երիտասարդ տարիքում ընդամենը 10 ցենտով վաճառում էր ապագա աշխարհահռչակ դիզայները։ Մյուս կողմից՝ նորաձևության պատմությունն սկսվեց շատ ավելի վաղ՝ հենց այն պահից, երբ մարդն սկսեց ծածկել իր մարմինը։ Եվ ահա, որտե՞ղ կարելի է տեսնել հնագույնից մինչև ազգային տարազը, 17-րդ դարի եվրոպական շքեղաշուք հագուստներից ու դրանց կրած մետամորֆոզներից մինչև մեր ժամանակների հագուստը։ Այս հարցերի մի մասի պատասխանները հնարավոր է գտնել անձնական հավաքածուներում, իսկ ահա մյուսինը՝ թանգարաններում։ Ընդ որում, թանգարաններից որոշները նվիրված են հենց նորաձևությանը կամ որևէ դիզայների։

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին կից Աննա Վինտուրի անվան հագուստի ինստիտուտ, ԱՄՆ

Սա թերևս հագուստին և նորաձևությանը նվիրված ամենահայտնի թանգարանն է, որը զբաղեցնում է ամենամեծ տարածքը։ Այս ինստիտուտը Մետրոպոլիտեն թանգարանի մաս է դարձել 1937թ․, իսկ մինչ այդ հայտնի էր որպես հագուստի արվեստի թանգարան։ Յուրաքանչյուր տարի այս հաստատությունը կազմակերպում է տարատեսակ թեմատիկ և անհատական ցուցահանդեսներ։ Այս ցուցահանդեսներն ու դրանց հաջորդող երեկույթները Նյու Յորքի ամենասպասված իրադրձություններն են։ Հենց այս թանգարանն է կազմակերպում ամենամյա Met Gala նորաձևության ցնցող շքերթը։ Ավելորդ է նշել նաև այս ինստիտուտի մեծ հավաքածուի մասին։

Փարիզի Գալիերի նորաձևության թանգարան, Ֆրանսիա

Թանգարանը գտնվում է պատմական շենքում՝ կոմսուհի դե Գալիերի դղյակում։ Ավելի քան 80 հազ․ ցուցանմուշների շարքում կարելի է տեսնել գրեթե ամեն ինչ՝ սկսած Մարիա Անտուանետի շքեղ հագուստներից, վերջացրած ֆրանսիական բրենդների ամենավերջին ստեղծագործություններով։ Թանգարանի հիմնական ցուցադրությունը փոխվում է երկու տարին մեկ, իսկ սա նշանակում է, որ այս թանգարան պետք է այցելել առնվազն երկու տարին մեկ անգամ։

Փարիզի կիրառական արվեստի թանգարան, Ֆրանսիա

Լուվրի արևմտյան թևում տեղակայված այս թանգարանը պահպանում է ավելի քան 150 հազ․ կիրառական արվեստի նմուշ։ Դրանց շարքում տեղ են զբաղեցրել նաև հայտնի դիզայներների ստեղծագործություններ։ Հենց այստեղ 2016թ․ տեղի ունեցավ Բարբի տիկնիկների ցուցահանդես, որտեղ ներկայացված 700 տիկնիկները կրում էին այնպիսի հայտնի բրենդների հագուստ, ինչպիսիք են Օսկար դե լա Ռենտան, Դիորը, Շանելը և այլոք։

Քրիստիան Դիորի տուն-թանգարան Գարնվիլում, Ֆրանսիա

Գարնվիլի վիլլա Լա-Ռումբը Դիորի տուն-թանգարանի է վերածվել 1997թ․։ Այն հաճախ է հիշատակվում Դիորի մանկության լավագույն հիշողություններում։ Ըստ դիզայների՝ այդ շինության ճարտարապետությունն ու ներքին հարդարանքը մեծապես ազդել են նրա ճաշակի ձևավորման վրա։ Այդտեղ այժմ պահվում են ոչ միայն Դիորի լավագույն ստեղծագործությունները, այլև Դիոր նորաձևության տան մյուս արտ-տնօրենների աշխատանքները։ Թանգարանում հաճախ բացվում են տարատեսակ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսներ։

Կիոտոյի հագուստի ինստիտուտ, Ճապոնիա

Կիոտոյի հագուստի ինստիտուտը հիմնադրվել է «Inventive clothes: 1909-1939» ցուցահանդեսից հետո, որը Ճապոնիայում կազմակերպել էր Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը 1987թ․։ Ճապոնական ներքնազգեստի հանրահայտ Wacoal բրենդի տնօրեն Կոյ-Չի Ցուկամոտոն այնքան տպավորված էր ցուցադրությամբ, որ որոշեց հիմնադրել հագուստի ինստիտուտը։ Մինչ օրս թանգարան-ինստիտուտին հաջողվել է հավաքել ավելի քան 12 հազ․ հագուստ, ներքնազգեստ և աքսեսուար, ինչի շնորհիվ կարելի է հետևել Եվրոպական հագուստի զարգացմանը 17-րդ դարից մինչև մեր օրերը։

Պալացցո Մորանդո, Միլանի հագուստի և նորաձևության թանգարան, Իտալիա

Մորանդո հրապարակում գտնվող թանգարանի առաջին հարկը զբաղեցնում է ցուցասրահ, որտեղ ցուցադրված են 16-19-րդ դդ․ Միլանի կյանքը պատկերող գեղանկարներ և փորագրանկարներ։ Մյուս հարկերում ցուցադրված է Միլանի բնակիչների հագուստը՝ ամենահին կորսետներից մինչև իտալացի դիզայներների վերջին ստեղծագործությունները։

Գուչիի թանգարան, ֆլորենցիա, Իտալիա

Գուչիի թանգարանը բացվեց 2011թ․՝ բրենդի ստեղծման 90-ամյա հոբելյանի առթիվ և զբաղեցնում է դի Մերկանցիա պալացոյի ամբողջ երեք հարկերը։ Սրահներից մեկում պատմվում է բրենդի տարբերանշանի ստեղծման պատմությունը, մյուսում ներկայացված է ճամպրուկների և այլ աքսեսուարների մեծ հավաքածու, իսկ վերջին սրահում պայուսակներ և երեկոյան զգեստներ են, այդ թվում և այնպիսիք, ինչպիսիք կրել են հանրահայտ դերասանուհիներ, երգչուհիներ և մոդելներ։

Լոնդոնի նորաձևության և տեքստիլի թանգարան, Մեծ Բրիտանիա

2003թ․ դիզայներ Զանդրա Ռոուդսի խնդրանքով երբեմնի պահեստի շենքը մեքսիկացի ճարտարապետ Ռիկարդո Լեգորետայի շնորհիվ վերածվեց թանգարանի։ Այժմ այս վառ նարնջագույն և վարդագույն շինությունը խիստ առանձնանում է շրջակա այլ շինություններից և աչքի ընկնում նույնիսկ հեռվից։ Այս թանգարանը յուրահատուկ է նրանով, որ հաճախ անցկացնում է տարատեսակ վարպետության դասեր՝ նվիրված դերձակությանը, դիզայնին և նույնիսկ ֆոտոշփին։

Լոնդոնի Վիկտորյա և Ալբերտ թանգարան, Մեծ Բրիտանիա

Թագուհի Վիկտորյայի և արքայազն Ալբերտի անձնական հավաքածուի հիման վրա ստեղծված այս թանգարանը թերևս կիրառական արվեստի և դիզայնի հավաքածուով աշխարհում ամենամեծն է։ Միևնույն ժամանակ այն Լոնդոնում անցկացվող ցուցադրությունների ամենամեծ հարթակն է։ Թանգարանն ունի 150 ցուցասրահ, որտեղ ներկայացված են կանանց և տղամարդկանց տարբեր շրջանների հագուստ և աքսեսուարներ, զարդեր և ներքնազգեստ։

Նյու-Յորքի նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտին կից թանգարան (FIT), ԱՄՆ

Ունենալով հագուստի ու աքսեսուարի ավելի քան 50․000 նմուշ և կազմակերպելով ամենաժամանակակից ցուցահանդեսները, այս թանգարանը վաստակել է «Նյու-Յորքի ամենանորաձև թանգարան» կոչվելու իրավունքը։ Թանգարանն ունի երեք ցուցասրահ, որոնց մեջ տեղ է զբաղեցնում առանձին հատված՝ ուսանողների և դասախոսների համար։ Թանգարանն ունի նաև առանձին ցուցասրահ՝ ժամանակավոր ցուցահանդեսների համար, որոնք փոփոխվում են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Սա նշանակում է, որ այստեղ միշտ կարելի է որևէ նոր բան տեսնել։ Թանգարանում նաև հաճախ են կազմակերպվում հանդիպումներ հանրահայտ դիզայներների և նորաձևության գիտակների հետ։

Ինչպես արվեստի յուրաքանչյուր տեսակ, այնպես էլ նորաձևությունը կարիք ունի արխիվացման և ուսումնասիրության։ Շնորհիվ իրենց գիտացուցադրական աշխատանքի՝ այս թանգարանները տարիներ շարունակ եղել են երիտասարդ դիզայներների ոգեշնչման աղբյուրն ու սերունդներին են հասցրել անմահ ստեղծագործություններ։ Այժմ էլ դրանք կատարում են իրենց այդչափ կարևոր գործառույթները՝ աշխարհի ուշադրությունը սևեռելով իրենց հարկի տակ տեղի ունեցող ցնցող ցուցահանդեսների և շոուների վրա։