Met Gala․ նորաձևության շոու, դրամահավաք, թե՞ անհեթեթ հագուստների շքերթ

Met Gala ամենամյա շոուն, թերևս, ամենադիտարժան հոլիվուդյան իրադարձությունն է, որում մեծ տեղ է զբաղեցնում նորաձևությունը, ընդ որում, այն նորաձևությունը, որը չի հետապնդում շահույթ, այսինքն նպատակն իրական արվեստ ստեղծելն է։ Յուրաքանչյուր տարի նոր թեմա առաջ քաշելով՝ Met Gala-ն հնարավորություն է տալիս իր երկրպագուներին ամեն անգամ ականատես լինել նոր և շլացուցիչ միջոցառման։ Առաջին անգամ Met Gala-ն տեղի է ունեցել 1948թ․, բայց նրա ժամանակակից պատմությունը սկսվում է  1974թ․։ Հենց այդ ժամանակ էլ տնային տնտեսուհիների հավաքից վերածվեց շքեղ հանդիսության և նորաձևության աշխարհի ամենասպասված իրադարձության, որն ունակ է թեմատիկ ցուցահանդես կազմակերպել ոչ ավել, ոչ պակաս Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։

Met Gala-ի երեք հիմնասյուները

Առաջին հայացքից Met Gala-ն թվում է՝ հերթական ամերիկյան շոու է, սակայն իրականում այն տարիների պատմություն ունեցող միջոցառում է և ժամանակով փորձված արժեք։ Met Gala-ի կյանքը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի, որոնք կապված են երեք անվանի կանանց անունների հետ։

Նրանցից առաջինը Էլինոր Լամբերտն է։ Այս կնոջը հաճախ են անվանում «ամերիկյան նորաձևության կնքամայր»։ Համարվում է, որ նա է կանգնած եղել Նյու-Յորքի նորաձևության դաշտի ակունքներում և շնորհիվ նրա այս քաղաքը վերածվեց համաշխարհային նորաձևության մայրաքաղաքներից մեկին։ Նա իր ժամանակների միակ PR կազմակերպության հիմնադիրն էր, որը զբաղվում էր բրենդային հագուստի առաջխաղացմամբ։ Օրերից մի օր այս կնոջ գլխում մի խելահեղ միտք ծագեց․ իրար գլուխ հավաքել բոլոր ամենահայտնի և հարուստ մարդկանց, որպեսզի ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվի Մետրոպոլիտեն թանգարանում պատմական հագուստների պահպանման խնդրի վրա։ Այդպես էլ ծնվեց Met Gala երևույթը։

Էլինոր Լամբերտ

Միջոցառման կոնցեպտը փոխվեց, երբ նորաձևության ինստիտուտ եկավ Դիանա Վրիլանդը։ Վերջինս աշխատել էր Harper’s Bazaar-ում, երկար տարիներ եղել ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը, ապա աշխատել Մետրոպոլիտեն թանգարանում՝ որպես կուրատոր-խորհրդատու։ Դիանան շատ արագ այցելության տոմսի նախնական արժեքին ևս երեք զրո ավելացրեց և մասնակցության հատուկ ընթացակարգ սահմանեց։ Հենց նրա մտահաղացման շնորհիվ յուրաքանչյուր նոր Met Gala մինչ այժմ ունի առանձին թեմա, ըստ որի էլ սահմանվում է դրես-կոդը։

Դիանա Վրիլանդ

Նորաձևության աշխարհի մեկ այլ հռչակավոր կին, Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը մեծ ազդեցություն ունի Met Gala-ի վրա։ Բոլորը տեսած կամ գոնե լսած կլինեն «Սատանան Prada է կրում» հայտնի ֆիլմը, որի գլխավոր հերոսուհի Միրանդա Պրիսլիի կերպարի հիմքում հենց Աննա Վինտուրն է։ 1995թ-ից հենց նա ստանձնեց Met Gala-ի կուրացիան և հենց նա վերածեց այն տարվա ամենահեղինակավոր և սպասված միջոցառման։ Նա առաջ քաշեց մի գաղափար, ըստ որի խրախուսվում էր աստղերի Met Gala ներկայությունն իրենց հագուստի դիզայների հետ։ Նրանք նստում էին այն սեղանի շուրջ, որի համար վճարել էր այդ դիզայների բրենդը։ Սա դարձավ նոր և հիանալի միջոց երիտասարդ և անհայտ դիզայներների համար, ովքեր հնարավորություն էին ստանում ներկայանալ շոուին, որից հետո նրանց բրենդի արժեքը մի քանի անգամ բարձրանում էր։

Աննա Վինտուր

Ճակատագրական լուքեր

Առաջին թեմատիկ շոուներից մեկը նվիրված էր Հոլիվուդին, ինչն էլ սկիզբ դրեց վառ ու փայլփլուն կերպարներով հանդես գալու ավանդույթին։

Ժամանակի ամենասկանդալային կերպարներից մեկով ներկայացավ երգչուհի Շերը 1974թ․։ Նրա հագին ասեղնագործ թափանցիկ զգեստ էր՝ զարդարված փետուրներով։ Այդ զգեստի հեղինակը Բոբ Մակին էր։ Չնայած նրան, որ այս դիզայները մեծ դեր չխաղաց նորաձևության պատմության մեջ և նրա կարիերան հիմնականում պտտվեց հենց Շերի շուրջ, այնուամենայնիվ մերկ զգեստի գաղափարը հաճախ կրկնվում է Met Gala-ում։ Իսկ 2015թ․-ին Քիմ Քարդաշյանը դիզայներ Ռոբերտո Կավալիի հետ կրկնօրինակեց հենց Շերի կերպարը՝ յուրահատուկ հարգանքի տուրք մատուցելով Շերին, Met Gala-ի պատմությանն ու էքսցենտրիկ 70-ականներին, ինչից հետո մերկ զգեստը կրկին ակտուալ դարձավ Met Gala-ում։

Քիմ Քարդաշյանը կրկնօրինակում է Շերի կերպարը

1996թ․ էլ թեման Քրիստիան Դիորն էր։ Այդ օրը Դիորի ստեղծագործական տնօրեն Ջոն Գալիանոն Met Gala ժամանեց Լեդի Դիանայի հետ, ով արդեն իսկ ամուսնալուծվել էր, սակայն չէր դադարում մեծ ժողովրդականություն վայելել։ Նրա համար Գալիանոն պատրաստել էր ներքնազգեստի ոճով մի շատ համեստ զգեստ, որը, անշուշտ, տարբերվում էր ընդհանուր ֆոնին։ Ի հավելումն այդ զգեստի, Դիանան կրում էր մարգարտե կոլյե և «Լեդի Դիոր» անվանական պայուսակը։ Այդ օրը Դիանան շլացուցիչ տեսք ուներ և գրավեց բոլորի ուշադրությունը, սակայն հենց դա էլ նրա վերջին այցն էր նման հանրային միջոցառման։ Կես տարի անց Լեդի Դիանան մահացավ ավտովթարում։ Գալիանոն չհասցրեց կյանքի կոչել իր մյուս էսքիզները Դիանայի համար, սակայն հենց այդ նոր զգեստը և դրա հետագա տարբերակները նրան մեծ համբավ բերեցին։

Լեդի Դիանա

Սրանով Գալիանոյի ստեղծած ճակատագրական լուքերը չեն ավարտվում։ 2004թ․, երբ Met Gala-ի թեման 18-րդ դարն էր, Գալիանոն Էմբեր Վալետտայի համար ստեղծեց մի բազմաշերտ կիսաշրջազգեստ, որի հետ հիանալի համադրվում էր Մեգի Նորիսի կորսետներից մեկը, ինչպես նաև 18-րդ դարի ոգով արված բարձր սանրվածքը։ Հենց այս լուքը Met Gala-ն վերածեց խելահեղ հագուստների հիթ շքերթի։ Այսուհետ Մետրոպոլիտենում կարելի էր կրել այն, ինչը չափազանց էր Օսկարի կարմիր գորգի համար։

Էմբեր Վալետտա

Ինչպես արդեն նշվեց, այդ օրվա լուքի հեղինակի հետ ներկայանալը բարի ավանդույթ է Met Gala-ում։ Այսպիսով, Սարա Ջեսիկա Պարկերը  2006թ․ համոզեց Ալեքսանդր Մակքուինին ուղեկցել իրեն Met Gala-ում և իր սմոքինգին շոտլանդական վանդակավոր գործվածք ավելացնել ճիշտ այնպես, ինչպես Սարայի զգեստին էր։ Այդ տարի Met Gala-ի թեման անգլոմանիան էր, և Պարկեր-Մակքուին տանդեմը պատվով տարավ այս դրես-կոդը։ 2000-ականներում ասիմետրիկ զգեստները դեռ նոր էին տարածում գտնում և այդ լուքն անիրական էր թվում։

Սարա Ջեսիկա Պարկերը, Ալեքսանդր Մակքուին

Ի՞նչ արժե

Էլենորա Լամբերտի ժամանակներում Met Gala-ի մուտքի տոմսն արժեր 50 ԱՄՆ դոլար, սակայն այդ գումարն աննշան չէր իր ժամանակների համար և այդպիսի գումար քչերը կարող էին իրենց թույլ տալ, իսկ միջացառումն էլ ոչ պակաս հայտնի էր։

Այժմ տոմսի արժեքն աճել է մի քանի անգամ։ Մուտքի տոմսն արժե 30․000 ԱՄՆ դոլար, իսկ սեղանները՝ սկսած 200․000 ԱՄՆ դոլարից։ Բայց եթե անգամ դուք ունեք նման գումար և պատրաստ եք այն ծախսել Met Gala-ում  ներկա գտնվելու համար, մի շտապեք, Աննա Վինտուրը դեռ չի հաստատել ձեր ներկայությունը։ Ու՞ր են գնում բոլոր այդ գումարները․ իհարկե Մետրոպոլիտեն թանգարանին կից գործող Աննա Վինտուրի ղեկավարած Նորաձևության ինստիտուտ։ 1995թ․-ից մինչ այժմ այս միջոցառումը հավաքել է ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար, որն ամբողջությամբ ծառայում է նորաձևության պատմության ուսումնասիրությանն ու պատմական հագուստների պահպանությանը։

Ի՞նչ չի կարելի և ու՞մ չի կարելի

Ինչպես արդեն հասկացաք, Met Gala-ն ոչ միայն նորաձևության շքերթ է, այլ նաև ճաշկերույթ՝ բարձրակարգ խոհանոցով և Միշլենյան աստղեր ունեցող շեֆ խոհարարների կողմից պատրաստված ուտեստների համտես։ Սակայն կան բաներ, որոնք արգելված են։ Այդ օրը չեն մատուցվում սոխ, սխտոր և մաղադանոս պարունակող ուտեսներ՝ ընգծված հոտի պատճառով, ինչպես նաև բրուսկետաներ, քանի որ դրանք համտեսելիս կարող են ընկնել թանկարժեք հագուստների վրա։

Միջոցառման ընթացքում արգելված են տարատեսակ սելֆիներն ու տեղում սոցիալական կայքերից օգտվելը։ Նախ և առաջ Աննա Վինտուրը չի սիրում նման բաներ, և երկրորդ՝ Met Gala-ի բոլոր լուսանկարները պետք է լինեն էքսկլյուզիվ։ Առաջին հարթակը, որտեղ այդ լուսանկարները պիտի հայտնվեն՝ ամերիկյան Vogue-ն է, և ոչ թե որևէ աստղի ինստագրամը։

Met Gala-ն նաև արգելված հյուրերի ցանկ ունի, ըստ որի շատ հայտնի դեմքեր, ովքեր այնուամենայնիվ սելֆի են արել միջոցառման ժամանակ, վատ են արտահայտնվել միջոցառման կամ հենց Աննա Վինտուրի մասին, այլևս երբեք հնարավորություն չեն ունենում մասնակցելու այս շոուին։ Այս ցուցակում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Դոնալդ Թրամփը, Թիմ Գանը և Կոկո Ռոշան։

2020-ը՝ չեղարկումների տարի

2020թ․ Մետրոպոլիտեն թանգարանը պետք է նշեր իր թեմատիկ ցուցադրությունների 150-ամյակը և մի նոր ցուցադրությամբ ներկայացներ նորաձևության պատմությունը և դրա զարգացումը մինչև մեր օրեր։ Ահա թե ինչու 2020թ․ Met Gala-ի դրես կոդը պետք է կապված լիներ ժամանակի գաղափարի հետ։ Ինչու՞ «էր», քանի որ ինչպես շատ այլ մասշտաբային միջոցառումներ, այնպես էլ Met Gala-ն համաշխարհային պանդեմիայի պատճառով անժամկետ հետաձգվել է։ Այն պետք է տեղի ունենար 2020թ․ մայիսի 4-ին։ Փոխարենը մայիսի 4-5-ին Աննա Վինտուրի նախաձեռնությամբ օնլայն հարթակում կիրականացվեն հետահայաց վիդեոդիտումներ և քննարկումներ հայտնի դեմքերի մասնակցությամբ, ինչպիսիք են՝ Լիզա Կոշին, Քարդի Բին, Լիվ Թեյլորը, Լիզա Մակքարթնին, Ջերեմի Սքոթը և այլոք։