Նորաձևության նկարազարդումը որպես արվեստի առանձին ժանր

Նորաձևության նկարազարդումն արդեն վաղուց արվեստի ինքնուրույն, կայացած ժանր է, որը, գուցե մի փոքր թերագնահատված է, բայց ունի իր ուրույն տեղն արվեստի և նորաձևության պատմության մեջ։ Այս ժանրը ոչ մի դեպքում չի կարելի շփոթել հագուստի նախնական էսքիզների հետ, քանի որ այս նկարազարդումներն արվում են արդեն ավարտուն հավաքածուների հիման վրա։

Անտիկ շրջանից մինչև մեր օրեր

Նորաձևության նկարազարդումը որպես ժանր ի հայտ է եկել 1910-ականներին, երբ հայտնի նորաձևության տները սկսեցին ներկայացնել իրենց աշխատանքներն առաջատար ամսագրերում։ Նրբագեղ ու ոճային ամսագրերը՝ ինչպես օրինակ Gazette du Bon Ton-ը, նախապատվություն էին տալիս ոչ թե լուսանկարներին, այլ տրաֆարետային տեխնիկայով իրականացված նկարազարդումներին, ինչի շնորհիվ այդ պատկերներն առանձնանում էին մյուս հրատարակությունների թողարկումներից։ Այդ պահից սկսած նորաձևության նկարազարդումները բարձր նորաձևության անբաժան ուղեկիցներն են։ Իրականում այն ոչ թե մրցում է լուսանկարչության հետ, այլ վերածվում նորաձևության վերարտադրության մի նոր մեդիայի։ Նկարիչները՝ ի տարբերություն լուսանկարիչների, կարող են ընդգծել, չափազանցնել կամ էլ ընդհանրապես կոծկել այն, ինչ կցանկանան՝ այդպիսով էլ ավելի արտահայտիչ դարձնելով հագուստը, դրանց բնույթն ու բնավորությունը։ Այս նկարազարդումները միանգամայն այլ կերպ են մեկնաբանում նորաձևությունն ու բացահայտում դրա բոլորովին այլ կողմերը։

Հայտնի ամսագրերը հաճախ նկարիչներից պատվիրում ու գնում են նկարազարդումները, երբեմն էլ թողարկում են հենց իրենցը կամ աշխատում միայն մի նկարչի հետ՝ այդպիսով ստեղծելով մեկ ընդհանուր ոճ ու ձեռագիր, ինչպես դա արել են Քրիստիան Դիորն ու Ռենե Գրյուոն 1950-ականներին։ Իհարկե, այս ուղղությունը ևս ունի իր նախապատմությունը։ Դեռևս անտիկ շրջանում ընդունված էր նորաձև հագուստի պատկերումը։ 19-րդ դարում նորաձև հագուստի պատկերներ հայտնվեցին թերթերում և գրաֆիկայում։ Արդեն 20-րդ դարում Gazette du Bon Ton-ի, Vogue-ի, և Harper’s Bazaar-ի առաջացմամբ նորաձևության նկարազարդումը դարձավ բոլորովին ինքնուրույն գեղարվեստական ժանր։

Ժոել Շարիոյի հավաքածուն

Նման նկարազարդումների իրական գանձարան է հայտնի մյունխենյան կոլեկցիոներ, գալերիս Ժոել Շարիոյի հավաքածուն, որում տեղ գտած նկարազարդումները պատկերում են հանրահայտ մոդելներ բարձր նորաձրության այնպիսի տներից և դիզայներներից, ինչպիսիք են՝ Պոլ Պուարեն, Կոկո Շանելը, Քրիստիան Դիորը, Քրիստիան Լակրուան, Ալեքսանդր Մակքուինը, Յոջի Յամամոտոն և այլոք։ Այս հավաքածուն վառ ապացույցն է այն բանի, որ նկարազարդումները ոչ պակաս, քան լուսանկարները կարող են փոխանցել հագուստի բնույթը, ընդգծել հիմնական առանձնահատկություններն ու ցույց տալ դրա յուրահատկությունը։ Հավաքածուն նաև ցույց է տալիս, թե զարգացման ինչ փուլերով է անցել այս ժանրը։ Նախ 1910-1920-ականներ՝ ար-դեկոյի ժամանակաշրջան, ապա 1930-1940-ականներ՝ սոլիդ նորաձևության շրջան։ Դրանից հետո արագ փոփոխվող 1950-ականներ ու համարձակ 1970-1980-ականներ․ այդպես մինչև 2000-ականներ։ Այս բոլոր ժամանակաշրջանները ներկայացնող նկարազարդումներից յուրաքանչյուրը յուրովի գլուխգործոց է։ Որևէ մեկն ավելորդ չէ հավաքածուում, ինչը թույլ է տալիս հետևել ժանրի զարգացմանն ու տենդենցների փոփոխությանը։ Ակնհայտ է, որ ժամանակի հետ նկարիչների ձեռագիրն ու անձնական մոտեցումն ավելի ու ավելի առանցքային է դարձել նկարազարդումներում։

Կատարելության հասցված տեխնիկա

Ժոել Շարիոյի հավաքածուում տեղ գտած գործերի հեղինակներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ձեռագիրն ու տեխնիկական նախընտրությունները։ Այսպես, օրինակ՝ Ռենե Գրյուոն աչքի է ընկնում վառ սևաներկի օգտագործմամբ արված ավանդական գծանկարներով, մինչդեռ Անտոնիո Լոպեսը փորձարկումներ է անում տարբեր նյութերով և ստեղծում իր բացառիկ ձեռագիրը, որին հատուկ է ոճերի միախառնումը։ Մաթս Գուստավսոնի ակվարելներն էլ առանձնանում են նրբագեղությամբ, ինչը թույլ է տալիս ընդամենը մի քանի նուրբ երանգների օգտագործումով ստանալ ցանկալի արդյունք։ Ֆրանսուա Բերտուն, ինչպես և Ավրորա դե լա Մորիներին, նախընտրում են աշխատել մոնոտիպիաների տեխնիկայով, ընդ որում՝ Բերտուն օգտագործում է յուղաներկ, իսկ դե լա Մորիներին՝ շատ բարակ ճապոնական թուղթ, ինչը թեթևություն է հաղորդում մոնոտիպիաներին։

Ռենե Գրյուո
Անտոնիո Լոպես
Մաթս Գուստավսոն

Այս և շատ այլ նկարիչներ հեղափոխել են ոչ միայն գծանկարի արվեստը, այլև ձևավորել բոլորովին այլ մոտեցում նորաձևության հանդեպ, այն ներկայացնելով որպես մի ոլորտ, որն իրավամբ արժանի է արվեստի լեզվով ներկայացված լինելուն։