Նկարիչ
Արա Գուրզադյան
Արա Գուրզադյանը ծնվել է 1953 թվականին, Երևան քաղաքում։ 1970 թվականին ավարտել է ֆիզիկոմաթեմատիկական թեքումով դպրոց և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1975 թվականին ավարտել է համալսարանն ու ստացել ֆիզիկոս-տեսաբանի որակավորում։ Որպես գիտաշխատող մի քանի տարի աշխատել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։ 1982-2003 թվականներին դասավանդել է կերպարվեստ և գրաֆիկա Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում: Եղել է նույն կենտրոնի և Հայկական բաց համալսարանի կողմից համատեղ հիմնադրված Կերպարվեստի ֆակուլտետի դեկանը, դասավանդել է Արվեստի պատմություն, Կրոնի պատմություն, Կերպարվեստ և Մշակութաբանություն։
1992-1997 թվականներին ապրել և աշխատել է Գերմանիայում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում և Հայաստանում։
Եղել է «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութային եռամսյա հանդեսի համահիմնադիր և գլխավոր խմբագիր։
Թարգմանությունների հեղինակ և համահեղինակ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ և գրքերի խմբագիր է։
2002 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով` մշակութային կյանքի զարգացման և մշակույթի ոլորտում մեծ նվաճումների և ներդրման համար։ Արա Գուրզադյանի աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի «Ակադեմիա պատկերասրահում»։ Ունի բազմաթիվ մասնավոր հավաքածուներ Հայաստանում և արտասահմանում։
Մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 1-ին։